Դերասան Մեթյու Փերիի մահվան գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել
«Ընկերներ» հեռուստասերիալից հայտնի հոլիվուդյան դերասան Մեթյու Փերիի մահվան առնչությամբ հինգ մարդու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Փերին մահացել էր 2023 թ. հոկտեմբերին՝ 54 տարեկանում, կետամինի գերդոզավորումից։
Ոստիկանության հետաքննության արդյունքում բացահայտվել է թմրանյութերի մատակարարների ընդհատակյա հանցավոր ցանց, որը հսկայական քանակությամբ կետամին էր վաճառում։
Ըստ դատախազության՝ մեղադրյալներն օգտվել են դերասանի կախվածությունից՝ նրանից գումար կորզելու համար։
Մեղադրյալներից երեքը, այդ թվում՝ բժիշկը և դերասանի օգնականը, իրենց մեղավոր են ճանաչել և համաձայնության են եկել դատախազության հետ. նրանց մեղադրանք կառաջադրվի թմրանյութերի պահման համար։ Մյուս երկու մեղադրյալները՝ երկրորդ բժիշկը և թմրավաճառ մի կին, որը հայտնի է «Կետամինի թագուհի» մականվամբ, օգոստոսի 15-ին ձերբակալվել են Փերիի մահվան պատճառ դարձած կետամինի խմբաքանակը նրան վաճառելու համար:
Կետամինը հզոր ցավազրկող է, որն օգտագործվում է ծանր դեպրեսիայի, տագնապային խանգարումների և ուժեղ ցավերի բուժման համար:Փերին անցնում էր կետամինային ինֆուզիոն թերապիա, սակայն վերջին սեանսն անցկացվել էր նրա մահվանից ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Ըստ դատաբժշկական փորձագետների եզրակացության՝ հետմահու թեստերի արդյունքները չեն կարող վերագրվել ինֆուզիոն թերապիային։ Հետազոտությունն իրականացրած թունաբանի խոսքով՝ դերասանի օրգանիզմում կետամինի կոնցենտրացիան հավասար էր ընդհանուր անզգայացման ժամանակ մարդուն տրվող քանակին։
Իր կարիերայի գագաթնակետին Փերին պայքարում էր ալկոհոլից և ցավազրկողներից կախվածության դեմ, նա մի քանի անգամ բուժման կուրս է անցել։ Կախվածության դեմ իր պայքարի մասին Փերին մանրամասնորեն պատմում է «Ընկերներ, սիրուհիներ և մեծ սարսափելի բանը» հուշագրության մեջ։