Ի՞նչ է անելու ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչը, որ չի անում ԱՄՆ Պաշտպանության համագործակցության գրասենյակը
ԱՄՆ ներկայացուցչի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատելու մասին տեղեկությունը հանրության որոշակի հատվածի և փորձագիտական, քաղաքական շրջանակների կողմից բուռն էր ընդունվել, հատկապես, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 17-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հաստատել էր այն:
«Ազատությանը» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից էլ հուլիսի 22-ին հայտնել էին, որ ԱՄՆ «խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ», և, որ «խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին՝ կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ԱՄՆ բանակի ներկայացուցչի՝ ՊՆ-ում աշխատելուն առնչվող 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նշել էին. «Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և այլ միջազգային գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը չէր մանրամասնել, թե ի՞նչ գործառույթ և ուղղություն է ենթադրում ԱՄՆ բանակի ներկայացուցչի աշխատանքը, երբվանի՞ց է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատելու Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում և որքա՞ն ժամանակով, գրավոր ի՞նչ փաստաթղթի հիման վրա է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատելու ՀՀ պաշտպանության նախարարությունում:
«Ներկայացված այլ հարցադրումների վերաբերյալ ամերիկյան կողմն արդեն հանդես է եկել պարզաբանումներով»,- ասել էին ՊՆ-ից:
168.am-ն իր համապատասխան հոդվածում ներկայացնելով հայ-ամերիկյան, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության որոշ կարևոր փաստեր, նկատել էր՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցչի առկայությունը զուտ քարոզչական բնույթ է կրելու՝ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության հարթությունում հասել է ավելիին, քան նախկին իշխանությունները: Եվ այստեղ կանգ էինք առել՝ հետագային թողնելով կարևոր մի փաստ:
Բացի այն, որ ԱՄՆ դեսպանատունը նաև ռազմական կցորդ ունի Հայաստանում, գործում է նաև Պաշտպանության համագործակցության գրասենյակ (Offices of Defense Cooperation-ODC), որի ղեկավարումը վստահվում է զինվորականների:
Հավելենք, որ Երևանում ԱՄՆ դեսպանատանը Պաշտպանության համագործակցության գրասենյակը բացվել է 2004 թվականին:
Ինչպես 10 տարի առաջ նշել էր ամերիկյան կողմը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սահմանափակ թվով օգնության և դրամաշնորհային ծրագրերը Հայաստանում կյանքի էին կոչվել ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի միջոցով, սակայն ավելի մեծ ռեսուրսների տրամադրումն անհրաժեշտ էր դարձրել նոր կառույցի ստեղծումը:
Այսինքն, Պաշտպանության համագործակցության գրասենյակը պատասխանատու էր լինելու Հայաստանին ամերիկյան ռազմական և մարդասիրական օգնության տրամադրման համար, բացի այդ, զբաղվելու էր ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրերի իրականացման հարցով:
ԱՄՆ դեսպանատան Ռազմական կամ Պաշտպանության համագործակցության գրասենյակն այս տարիներին, համագործակցելով Պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի հետ, նպաստել է ոչ միայն հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացմանը՝ իրականացնելով պաշտպանության ոլորտում տարատեսակ ծրագրեր, այլ նաև նպաստել են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործելիության զարգացմանը:
Այս ամենի համար նախկին իշխանությունների օրոք գրասենյակի զինվորական ղեկավարներից անգամ պարգևատրվել են։
Այսինքն, Հայաստանում մոտ 10 տարի գործում է մի կառույց՝ ԱՄՆ դեսպանատան ենթակայությամբ, որն այս տարիներին փորձել է ընդլայնել ՀՀ ԶՈւ պաշտպանական կարողությունները, աջակցել պաշտպանական վերանայման գործընթացին և այլն: Այսինքն, այն, ըստ էության, վերագրվում է ԱՄՆ ներկայացուցչին:
Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, 168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է դրանց ստեղծման և զարգացման ժամանակագրությանը, կազմակերպված զորավարժություններին: Արդեն ասվածին մի բան ավելացնենք, որի մասին չենք խոսել մեր համապատասխան հոդվածներում:
Մասնավորապես, 2011 թվականին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ նորացված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին, հատկապես նշել էր.
«Ինչ վերաբերում է նոր ԱԳԳԾ-ի բովանդակությանը, ապա դրա ամենամեծ, սկզբունքային տարբերությունը նրանում է, որ նախորդները հիմնականում նպատակաուղղված էին Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացմանը, մինչդեռ նոր Ծրագրի հիմնական նպատակն այդ վերանայման արդյունքների իրականացումն է:
Բացի այդ, նոր ԱԳԳԾ-ում նախկին ոլորտներին զուգահեռ՝ ընդգրկված են այնպիսի նոր ոլորտներ, ինչպիսիք են ՀՀ ԶՈՒ տարբեր զորատեսակների մարտական պատրաստության ծրագրերի և դրանց կիրառման տեսության կատարելագործման հնարավորությունների ուսումնասիրությունը, համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության և ռազմական տեխնիկայի կոդիֆիկացիայի և ստանդարտացման համակարգի ուսումնասիրումը»:
Արդյո՞ք այսօր նման ծրագրեր իրականացվում են, եթե՝ այո, ուրեմն՝ նորություն չեն, իրապես նորություն չեն, եթե, օրինակ, համագործակցություն չի քննարկվում ռազմարդյունաբերության ոլորտում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության և ռազմական տեխնիկայի կոդիֆիկացիայի և ստանդարտացման համակարգի ուսումնասիրում, ուրեմն՝ հետ է մնացել այսօրվա ՊՆ-ն նախկինում համաձայնեցված ՆԱՏՕ-ական ծրագրերից: