Վրաստանում դենդրոպարկը բաոբաբների չորացման համար մեղադրում է ընդդիմությանը

Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի դենդրոպարկում Քենիայից բերված բաոբաբի ծառերը չորացել են։

Ըստ aliq.ge-ի՝ այս տեղեկությունը տարածում է դենդրոպարկը՝ դրանում մեղադրելով «Միացյալ ազգային շարժմանը» (ՄԱՇ) և վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցներին:

Հաղորդագրության մեջ նշվում է՝ ՄԱՇ-ը կեղծ լուրեր և մեղադրանքներ է տարածել, բողոքներ և հեռախոսազանգեր ուղղել Քենիայի տարբեր գործակալությունների պաշտոնյաներին (ներառյալ երկրի նախագահին)՝ նպատակ ունենալով խափանել այս եզակի նախագիծը: Գործընթացը խոչընդոտելու համար կեղծ վարձու փորձագետներ են կանչվել, փաստեր են կեղծվել, Քենիայի բաոբաբները շփոթվել են Կարմիր գրքում ընդգրկված Մադագասկարի բաոբաբների հետ:

Այդ իսկ պատճառով ծառատունկը հետաձգվել է, 2021 թվականին հողից հանված ծառերը «արհեստական ​​խոչընդոտների» պատճառով մինչև 2023 թվականի հոկտեմբեր չեն հասել Վրաստան։ Ծառերը տնկվել են նոյեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ Շեկվեթիլիի դենդրոպարկը գտնվում է Գուրիայում, պատկանում է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։ 2020 թվականից գործող այգին այցելուների համար անվճար է։

Դենդրոլոգիական այգում տնկվել են տարբեր էկոհամակարգերին բնորոշ ծառեր, կան նաև տարբեր տեսակի թռչուններ։

Հենց այս այգում տնկելու համար են 2021 թվականին Քենիայում գնվել բաոբաբի ծառերը:

Իսկ 2022 թվականի նոյեմբերին հաղորդվեց, որ Քենիայի իշխանությունները դադարեցրել են բաոբաբների արմատախիլ անելու, տեղափոխելու և արտահանելու լիցենզիան։

Տեսանյութեր

Լրահոս