Գորգագործությունը նաև մաթեմատիկական հաշվարկ է. մեծ խնդիր ունենք մշակույթը պահելու գործում. Աստղիկ Ամիրբեկյան
Հայկական ամենահին արվեստներից մեկի՝ գորգագործության գաղտնիքներին այսուհետև կկարողանան տիրապետել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Լոռու մարզը տարիներ ի վեր եղել է գորգագործության կենտրոններից մեկը, սակայն 90-ականներից հետո մարզում այդ արվեստը դադարեց մեծ տարածում ունենալ։
2022 թվականից սկսած 35-ամյա Աստղիկ Ամիրբեկյանի շնորհիվ գորգագործությունը դարձավ ալավերդցի պատանիների, երիտասարդների և նրանց ծնողների սիրելի արվեստներից մեկը։
168.am-ի հետ զրույցում Աստղիկը պատմեց Երևանից Ալավերդի տեղափոխվելու, տան պայմաններում երեխաներին գորգագործություն սովորեցնելու, այնուհետև մեծահասակներին այդ գործընթացում ներգրավելու մասին։
«2022 թվականի մարտին ամուսնուս հետ Երևանից տեղափոխվեցինք Ալավերդի։ Ամուսինս Թեղուտում էր աշխատում, մշտապես Ալավերդիից գնում-գալիս էր Երևան։ Քանի որ աղջիկս արդեն ծնվել էր, որոշեցինք կարճ ժամանակով ընտանիքով տեղափոխվել Ալավերդի, նաև որոշել էինք, որ եթե հարմարվենք, կշարունակենք ապրել, եթե ոչ՝ կրկին կվերադառնանք Երևան։ Երեխաս դեռ փոքր էր, որոշեցի, որ տան պայմաններում կարող եմ աշակերտներ հավաքել ու գորգագործություն սովորեցնել։ Սկզբում երկու աշակերտ ունեի, երբ երեխաս քնում էր, կանչում էի, անվճար սովորեցնում էի, ես զբաղվում էի իմ սիրելի գործով, երեխաներն էլ գեղեցիկ արվեստ էին սովորում»,- նշեց Աստղիկը։
Որոշ ժամանակ անց Ալավերդիում պատանիների շրջանում հետաքրքրությունը գորգագործության նկատմամբ մեծացել է, և քանի որ տան պայմաններում այլևս հնարավոր չի եղել շատ աշակերտներ ընդունել, Աստղիկը որոշեց հիմնադրել «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, որը պետք է միտված լիներ կրթական տարբեր ծրագրերի տարածմանը։
Քանի որ Ալավերդիում արդեն գորգագործությամբ հետաքրքրվողները շատ էին, Աստղիկը որոշեց, որ առաջինը հենց այդ արվեստի զարգացմանն է զարկ տալու։
«Սկզբում տարածքի խնդիր ունեինք, որովհետև Ալավերդիում ամեն ինչ մի քիչ բարդ է։ Գրեթե բոլոր տարածքները զբաղված էին կամ գորգագործության համար հարմար տարածքներ չէին։ Այդ ժամանակ ԿԳՄՍ նախարարությունը ոչ նյութական ժառանգության վերաբերյալ 6-ամսյա դրամաշնորհ ուներ, որոշեցի օգտագործել այդ հնարավորությունն ու փորձել։ Դիմեցի ու դրամաշնորհը շահեցի, ինչից հետո այս տարվա մարտից մեծ թափով սկսեցինք գորգագործության դասերը։
Արդեն 100 աշակերտ ենք ունեցել։ Սկզբնական շրջանում գորգագործություն սովորեցրեցի ընկերուհուս՝ Նառային, ում հետ ծանոթացել էի Ալավերդիում, նրա սովորելուց հետո, երկուսով զուգահեռաբար սկսեցինք աշխատել, որովհետև երբեմն ինձ էլ փոխարինելու խնդիրներ էին լինում։
Մինչև իմ Ալավերդի գալը, այստեղ գորգագործության որևէ կենտրոն չկար, նաև Ալավերդիի հարակից տարածքներում չկար։ Ալավերդիում կա արվեստի դպրոց, գորգագործական տորքը կա, բայց չեն սովորում, քանի որ մասնագետի խնդիր ունեն, գործում են միայն ժամանակակից գոբելեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, գորգագործության գաղտնիքներին տիրապետելը հեշտ չէ, սակայն, եթե մարդը սովորելու ցանկություն ու որոշակի կարողություններ ունի, ապա ամեն ինչ հեշտությամբ է նրան տրվում։ Որքան էլ զարմանալի է, բայց գորգագործության մեջ կարևոր են նաև մաթեմատիկական հմտությունները, քանի որ գորգագործության մեջ ամեն ինչ հաշվարկ է, նաև շատ կարևոր է, թե ինչ մեթոդներով են սովորեցնում այն։
«Սկզբում նախընտրում էինք սովորեցնել 15 և ավելի մեծ տարիքով մարդկանց, բայց քանի որ հետաքրությունը մեծ էր, հիմա արդեն 7-8 տարեկանից ենք սովորեցնում։ Բայց 7-8 տարեկան երեխաների դեպքում գործում է մեկ նախապայման՝ ծնողները ևս պետք է գան ու սովորեն, այսպիսով ստացվում է, որ մենք միաժամանակ սովորեցնում ենք երկու հոգու։ Այսինքն՝ մենք ունենում ենք երկու շահառու՝ երեխան ու նրա ծնողը։ Ծնողներից կան, որ 50 և ավելի բարձր տարիքի են։ Սա միջոց է շատ մարդկանց ներգրավել այս գործընթացում։
Այս պահին կարևոր է մշակույթ պահելը, այսինքն՝ այս ամենն արդիական է այնքանով, որ շատ մեծ խնդիր ունենք մշակույթը պահելու։ Երբեմն նաև կարող ենք արձանագրել փաստեր, այս արվեստի շնորհիվ մարդիկ կարողանում են գումար վաստակել։ Աշակերտներիցս մի քանիսը գործում են փոքր կարպետների տեսքով մագնիսներ, պայուսակներ, գլխարկներ և դրանով գումար են աշխատում։
Մեր գենետիկ հիշողության մեջ կա գորգը, մարդը շատ հաճախ ուզում է միշտ իր հետ վերցնել այդ տաքուկ ու փոքր խորհրդանիշը։ Հիմա ես որքան շատ սովորեցնեմ ու որքան շատ տամ երեխաներին, այս մշակույթն այնքան ավելի երկար է ապրելու։ Չգիտեմ՝ հետագայում քանի հոգի կսովորեցնի այլ մարդկանց, բայց կարևորը, որ այդ ամենը մնա իրենց հիշողության մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Աստղիկը նշեց, որ միշտ ընդառաջում են սովորողների ցանկություններին, երբեմն մաքուր հայկական զարդանախշերով գորգեր են գործում, երբեմն այդ ամենին ավելացնում են ժամանակակից որոշակի լուծումներ, այսինքն՝ հաշվի են առնում, թե տվյալ աշակերտն ինչ է ցանկանում ստանալ։
«Մենք նախ նկարում ենք այն, ինչ մենք ենք ուզում ստանալ՝ սովորական պարզ զարդանախշերից մինչև ամենաբարդը, պարզ երկրաչափական պատկերներից մինչև մոդեռն զարդանախշեր։ Այսինքն՝ չենք սահմանափակվում, բայց մեր աշակերտները հստակ սովորում են տարբերել հայկական զարդանախշերը, խոսում ենք նաև ամենահայկական գույներից, այսինքն՝ բացի հանգույցներ կապելուց, ուշադրություն ենք դարձնում այլ կարևոր տարրերի ևս։
Մենք չենք սահմանափակում սովորողների ստեղծագործական միտքը, քանի որ դրա արդյունքում ստեղծում են շատ ու շատ հետաքրքիր գորգեր, գորգ ստեղծողը պետք է իր մտքում եղած պատկերը տեսնի իր գործած գորգի վրա։
Երեխա ունենք, որ, օրինակ, գործում է մոդեռն կերպարային փիսիկ, կան մեծահասակ կանայք, որ ցանկանում են գործել տիպիկ հայկական գորգ։ Ստացվում է, որ մեզ մոտ կարող են տեսնել մոդեռն ու ավանդական գորգեր։
Մենք մեծահասակներին սովորեցնում ենք երկու տեխնիկա՝ գորգագործություն ու կարպետագործություն, դրանով փորձում ենք ապահովել նաև սոցիալական բաղադրիչը։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են դրանով գումար վաստակել»,- ընդգծեց նա։
Աստղիկը համարում է, որ դեռ վաղ է խոսել միջազգային ցուցահանդեսների մասնակցելու մասին, քանի որ դրա համար նախ պետք է ունենա մեծ արտադրություն, հետո՝ հովանավորներ, սակայն արվեստի տարածման հարցում նպատակներ շատ կան։