Ավելի մեծ արհավիրքի առաջ են մեզ կանգնեցնելու. դրա համար են գնում բռնաճնշումների. Գառնիկ Դանիելյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում հաստատվում է ամբողջական բռնատիրություն. ասվածի ապացույցն այս երկու օրերին Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանին նվաստացնող ու պախարակող քննադատություններն են հենց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից միայն այն բանի համար, որ Հարությունյանը համարձակվել է վերջիններիս վերաբերյալ անգամ նվազագույն բացասական գնահատական հնչեցնել։
Այս մասին Դանիելյանն ասաց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ հավելելով՝ ես երբեք հիացած չեմ եղել Հարությունյանի աշխատանքով, սակայն այս օրերին ՔՊ-ականների պահվածքը վկայում է, որ ՔՊ-ն ցանկանում է զավթել նաև այս կառույցը։
«ՔՊ-ականները միանգամից ջղաձգվում են, սկսում իրենց մեջ լայն կոնսոլիդացիա և վերևից ստացված պատվերով սկսում են պախարակել մարդուն։ ՔՊ-ն ցանկանում է նաև զավթել այդ պաշտոնը և նաև ցույց տալ, որ հանկարծ որևէ մեկը չհամարձակվի որևէ ՔՊ-ականի վերաբերյալ կարծիք հայտնել։ Ասում են՝ դու ինչպե՞ս ես համարձակվել գնահատական տալ։ Ես Ազգային ժողովի իմ ելույթում էլ եմ հայտարարել, որ Հայկուհի Հարությունյանը մինչև հիմա պետք է նաև անուններ տար՝ իշխանության կազմում եղածներից, այսինքն՝ ինքս էլ գոհ չեմ նրա աշխատանքից, սակայն, այնպես, ինչպես նվաստացնում են այդ կնոջը, ինձ համար անընդունելի է։ ՔՊ-ն բոլոր պաշտոններում ցանկանում է ունենալ իր թեկնածուն, էլ ինչպե՞ս է լինում բռնատիրությունը։ ՔՊ-ն ամեն տեղ ուզում է իր մարդն ունենալ, նրանց միայն չի հաջողվել դեռ Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխել»,– ասաց Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և քաղաքական այդ ուժն ամենատարրական ժողովրդավարական նորմերը ոտնահարում են իրնեց իշխանության վարկանիշի անկմանը զուգահեռ, ասվածի ապացույցներից է նաև Ալավերդիում կատարվածը։
«Պոլի փայտ լինի՝ մերը լինի. այս սկզբունքով են առաջնորդվում։ ՔՊ-ն անգամ դռնապաններին է իրեն հավատարիմներին նշանակում, նշանակում է մարդկանց, որոնք իրենցից տարբերվող կարծիք չեն կարող ունենալ։ Լուրեր եմ ստանում, որ մարզերում բռնաճնշումները հասել են աբսուրդային մակարդակի նաև դպրոցներում, մանկապարտեզներում,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով՝ բռնաճնշումների մասին են փաստում նաև, երբ ՏԻՄ ընտրություններում ոչ իշխանական թեկնածուներին զգուշացվել է՝ իրենց հարազատների, բարեկամների նկատմամբ պատիժներ կլինեն։
«Էդ ամեն ինչը հերիք չի, մի հատ էլ գալիս է պանծալի առաջնորդն ու ասում՝ բորդյուր կլիզեք, եթե հանկարծ ուրիշ բան լինի, ինչի հետևանքով նորից չեն ընտրվում, հետո էլ սկսում են սպառնալիքներ հնչեցնել և տեղական մարմինները այդպես զավթել։ Հիմա նույնն է Ալավերդիում, և կարծում եմ, որ ոչ իշխանական համայնքապետի նկատմամբ, որին հեռացրին, ևս մեկ քրեական գործ կհարուցեն»,- ասաց Դանիելյանը՝ Փաշինյանի իրականացվող բռնաճնշումների գնալու քայլը պայմանավորելով սպասվող զարգացումներով։
«Կարծում եմ՝ ավելի գլոբալ արհավիրքի առաջ են մեզ կանգնեցնելու»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։