Չինաստանում դիակիզարաններից 4000 դի են գողացել՝ պրոթեզների պատրաստման նպատակով
Չինաստանում հանցավոր խումբը դիակիզարաններից և բժշկական լաբորատորիաներից գողացել է մոտ 4000 դի՝ բժշկական, այդ թվում՝ ատամնային պրոթեզների պատրաստման համար։
South China Morning Post-ը հաղորդել է, որ հանցագործները մոտ 380 մլն յուան (մոտ 53 մլն դոլար) են վաստակել ոսկրային հյուսվածքների վաճառքի անօրինական բիզնեսից։ Իրավաբան Ի Շենհուան հայտնել է, որ Թայյուան քաղաքի ոստիկանությունը հետաքննում է ալոգեն պրոթեզների պատրաստման համար մարդկանց դիակների զանգվածային գողությունների գործը։ Նրա խոսքով՝ Shanxi Aorui Biomaterials ընկերությունն ապօրինաբար դիակներ և վերջույթներ է գնել Սիչուանի և Շանդունի նահանգներում, ինչպես նաև Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում։
Շենհուանը նշել է, որ ոստիկանությունն առգրավել է 18 տոննա ոսկոր և ավելի քան 34 000 պատրաստի կամ գործնականում ավարտված պրոթեզ։ Նրա աղբյուրները նաև նշել են, որ Shanxi Aorui Biomaterials-ի գլխավոր տնօրենը խոստովանել է ավելի քան 4000 մարդկային դիերի հափշտակությունը Յունանի, Գույչժոուի և Սիչուանի նահանգների, ինչպես նաև Չունցին քաղաքի դիակիզարաններից:
Դիակիզարանների աշխատակիցներն անդամատել են դիերը՝ տեղափոխման և հետագա մշակման համար։ Մարդկանց դիակների մատակարարների թվում նաև նշված է Ցինդաոյի համալսարանական հիվանդանոցին կից Լյարդի ուսումնասիրության կենտրոնը:
Ըստ իրավաբանի տեղեկատվության՝ հանցավոր սխեմային մասնակցության համար այս գործով, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 75 կասկածյալ։
Սովորաբար ալոգեն պրոթեզները պատրաստվում են այն հիվանդների ոսկրային նյութից, որոնք ենթարկվում են զանազան վիրաբուժական միջամտությունների, օրինակ՝ կոնքազդրային հոդի փոխարինման: Սակայն այդ նպատակների համար ոսկրային հյուսվածք վերցնելը պետք է տեղի ունենա հիվանդի համաձայնությամբ: