Մեր պահանջը հետևյալն է՝ մեզ մի զրկեք մեր հանապազօրյա հացից, թողեք աշխատենք՝ ապրենք. Վարդենուտի բնակիչ
Երեկ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի մի խումբ բնակիչներ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Կառավարության կողմից գերակա շահ ճանաչած իրենց հողերը «ջրի գնով» չվաճառել։ Գյուղից 110 հեկտար հողատարածքը գերակա շահ ճանաչելով՝ վաճառում են «ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն ստեղծելու և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։ Իսկ բնակիչներին հողի դիմաց վճարվում է 300 դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար։
Կառավարությունն այս որոշումն ընդունել էր նախորդ տարի, հավանություն տալով «ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած ծրագրին։
Երեկ Կառավարության նիստից հետո ակցիայի մասնակիցների հետ զրուցեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն, ըստ էության որևէ հուսադրող բան չասաց։
Այսօր 168.am–ի հետ զրույցում Վարդենուտ գյուղի բնակիչ Խորեն Պողոսյանն ասաց՝ իրենց այնպիսի պատասխան չեն տվել, որպեսզի կարողանա գնահատականներ տա, միայն խոստացել են՝ քննարկում կանեն, սակայն բնակիչների հետ դեռևս որևէ մեկը կապ չի հաստատել։
«Հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Մեր հստակ պահանջն այն է, որպեսզի մեր հողերի դիմաց մեզ տան իրական փոխհատուցում, ինչն իրական շուկայական արժեքն է, որով մենք կարողանանք ձեռք բերել նմանատիպ հողամաս»,- նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ որքա՞ն է այսօր շուկայական արժեքը, Խորեն Պողոսյանը պատասխանեց՝ հարաբերական է, որովհետև տատանվում է, քանի որ հողատարածքները նույն տարածական պատկերը, եկամտաբերությունը չունեն, հողամասերը տարբեր են։
«Ամեն դեպքում, անկախ գնահատողից, նրանց առաջարկած արժեքն իրականությունից շատ հեռու է։ Իրականում հողերը վաճառվել են տարբեր գների, տարբեր ժամանակներում և հիմա ծրագրի հետ կապված միտում կա նաև գների բարձրացման։ Կոնկրետ ես՝ այդ հողակտորը չնչին գնով կորցնելուց հետո չեմ կարողանալու այդ արժեքով գոնե ավելի քիչ մակերեսով հողատարածք ձեռք բերել, սա ինձ համար խնդիրներ է առաջացնում՝ կապված իմ հետագա գործունեության, եկամտի հետ։
Մենք մեր խնդիրը բազմիցս բարձրացրել ենք, ըստ էության, բոլորին պարզ է, ուղղակի մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը ճիշտ ներկայացնենք, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խնդրի լուծումը ճիշտ, գրագետ ներկայացնելու մեջ է։ Նրանց տեղեկատվությունը, մեր կարծիքով, լիարժեք չէ, դրա համար ուզում ենք տեղեկատվությունը ճիշտ ներկայացնենք։ Տպավորություն է, որ մենք ուզում ենք ապօրինի հարստանանք, բայց այդպես չէ։ Մենք ընդամենը ՀՀ հասարակ քաղաքացիներ ենք՝ ապօրինություններից հեռու։
Մեր պահանջը հետևյալն է՝ մեզ մի զրկեք մեր հանապազօրյա հացից, թողեք աշխատենք՝ ապրենք, մեր ուզածը սա է»,- շեշտեց Խ. Պողոսյանը։
Նա նաև նկատեց՝ եթե իրականում հողերի շուկայական արժեքն այն է, ինչը առաջարկում են իրենց, ապա հենց իրենք կարող են այդ գնով հող գնել ու տալ բնակիչներին։
Նա նաև նշեց, որ Գևորգ Պապոյանն ասել է, թե իրենց հողերի վկայականների մեջ գրված է եղել, որ հողերն անջրդի են ու աղակալած։ Սակայն ոչ միայն իրենց հողերի վկայականների, այլ ընդհանրապես գյուղնշանակության հողերի մասով վկայականների մեջ գրվում է հողամասի մակերեսը, սեփականության ձևը, սեփականության փոխանցման հաջորդականությունը կամ հիմքերը։ Այսինքն՝ հողի կարգի, անջրդի կամ ջրովի լինելու վերաբերյալ որևէ բան նշված չէ։ Նման տեղեկատվության, ըստ էության, տիրապետել են միայն պատկան մարմինները։
«Կարող ենք վկայականները տրամադրել, որպեսզի տեսնեք, որ որևէ տեղ գրված չէ, որ հողերն անջրդի են կամ աղակալած, դրանք փաստացի ոռոգելի հողամասեր են։
Մեր երկրի զարգացմանը խանգարելու որևէ նպատակ չունենք, մենք էլ ենք այս երկրի քաղաքացի ու կողմ ենք, որ երկիրը զարգանա։ Բայց նաև հասկանում ենք, որ «Ռիդ» ընկերությունը շահույթ հետապնդող ընկերություն է, ինքն էլ իր շահերն ունի, բայց մյուս կողմից էլ՝ մեզ պետք է հասկանան, որ չենք ուզում կորցնել մեր ապրուստը ու դառնալ հողազուրկ։ Մենք չենք ասում՝ թող այդ ծրագիրը չանեն, բայց այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, օրինակ, եթե ծրագիրը որոշակի ժամկետից հետո պետք է իրականություն դառնա, այդ համալիրում աշխատելու համար մարդիկ մասնագիտական հմտություններ պետք է ունենան, և այնպես չէ, որ տեղացիներն այդտեղ բոլորը կկարողանան աշխատել։ Հիմա հողը կորցնելուց հետո մարդն ի՞նչ պետք է անի, արտագաղթի՞»,- եզրափակեց Խորեն Պողոսյանը։