Բաժիններ՝

«Եթե Չարենցավանի անձնագրայինի դռները չբացվեն, մեր ակցիաները շարունակելու ենք ավելի մեծ թափով». Գևորգ Հակոբյան

Գրեթե երկու ամիս է՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում փակ է անձնագրային բաժանմունքը։ 40.000 բնակիչ ունեցող համայնքի անձնագրային բաժանմունքը փակելն առաջացրել է մարդկանց զայրույթը, նրանց համար անհասկանալի է, թե ինչու Չարենցավանի բնակիչն անձնագրայինի հարցերով պետք է հասնի Սևան, Մարտունի կամ այլ վայր։

Չարենցավանցիներն արդեն 1,5 ամիս է՝ բողոքում են՝ պահանջելով բացել անձնագրայինը։ Երեկ տեղեկանալով, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը գնալու է Չարենցավան՝ հարսանիքի մասնակցելու նպատակով, կրկին բողոքել են, որից հետո Չարենցավանի ոստիկանապետն ասել է, որ հաջորդ շաբաթ Վահե Ղազարյանը գնալու է Կոտայքի մարզ, որտեղ կհանդիպի բողոքի ակցիայի մասնակիցների հետ։

«Մեզ ընդամենն ասել են, որ Վահե Ղազարյանը կհանդիպի մեզ հետ։ Հիմա չգիտենք, թե ինչո՞ւ են որոշել փակել անձնագրայինը, 1,5 ամիս մենք ասում ենք, որ սա անհեթեթ հրաման է եղել, պետք է հետ կանգնեն այդ որոշումը կատարելուց։ Նախորդ շաբաթ մենք հանդիպել ենք Միգրացիոն ծառայության պետի տեղակալի հետ, իրենք ընդունեցին, որ սխալ որոշում են ընդունել կոնկրետ Չարենցավանի պահով։

Կարծում եմ՝ այս հարցը կլուծվի հօգուտ մեզ, ընդամենը ժամկետների հարց է, թե ինչու է Վահե Ղազարյանը որոշել մեզ հետ հանդիպել՝ անհասկանալի է։

Կարդացեք նաև

Եթե Չարենցավանի անձնագրայինի դռները չբացվեն, մենք մեր ակցիաները շարունակելու ենք ավելի մեծ թափով։ Եթե մինչև այս Չարենցավանում էինք պայքարում, սրանից հետո տեղափոխելու ենք մարզային տիրույթ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Չարենցավանի բողոքի ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանը։

Նա վստահեցրեց՝ հարցին լուծում չտալու դեպքում իրենց միանալու են աբովյանցիները, բյուրեղավանցիները և այլ բնակավայրերի բնակիչներ։

«Հիմա այնպես է, որ ցանկացած բնակիչ կարող է գնալ ցանկացած անձնագրային ու գործարք անել, բայց չարենցավանցին ինչո՞ւ պետք է գումար ու ժամանակ ծախսի, գնա այլ տեղ գործարք անելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Պարզվում է, Չարենցավանում սա առաջին դեպքը չէ, որ պետական կառույց են փակում. մի քանի տարի առաջ փակել են սանէպիդկայանը, որի շենքն օտարել ու մասնավորեցրել են։ Փակվել է նաև զինկոմիսարիատը. այն տեղափոխել են Աբովյան։

«Խախտվում է համայնքների համաչափ զարգացման կոնցեպտը։ Երբ պետությունը որևէ կառույց հանում ու տեղափոխում է այլ վայր, մասնավորը զգուշանում է ու այդ համայնքում ներդրում չի կարող անել»,- եզրափակեց Գևորգ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս