Բաժիններ՝

«Հող էիր եւ հող էլ կը դառնաս»

Ծննդոց գրքում կարդում ենք. «Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդ. 2, 7): Եւ երբ Ադամն ու Եւան անհնազանդ գտնուեցին Աստծուն, ճաշակելով արգելուած պտուղը դրախտում, Աստուած անիծեց նրանց՝ Ադամին ասելով. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծննդ. 3, 19):

Դիակիզում առաջարկողներն ու կիրառողները դա արդարացնելու համար յաճախ են մէջբերում վերոյիշեալ (Ծննդ. 3, 19) եզրը, որպէսզի ապացուցեն, թէ հանգուցեալի մարմնի հրկիզումը արտօնւում է նոյնիսկ Աստուծաշնչով: Աստուածաշունչը կարդում են, բայց բնաւ չեն հասկանում: Այսպիսիները չգիտե՞ն տարբերութիւնը հողի (կամ փոշու), մոխրի (կամ աճիւնի) ու կրի (կամ սուզակի) միջեւ:

Չէ՞ որ Աստուածաշունչն ասում է. «Հող էիր եւ հող էլ կը դառնաս», այլ ոչ թէ` «կիր էիր եւ կիր էլ կը դառնաս»: Հողը եւ կիրը նոյնը չեն ու հիմնական տարբերութիւն կայ սրանց միջեւ: Գետինը, հողը կամ փոշին երկրից են, որոնք բնական նիւթ են, իսկ կիրը կամ սուզակը (եբրայերէն` «սիդ» (דיש) բնական նիւթի հրկիզման արտադրութեան արդիւնքն է, որ կորցրել է բոլոր իր բնական յատկութիւնները:

Դիակիզում առաջարկողները ու նրանք, ովքեր վիճաբանում են յօգուտ դիակիզման, առարկում են՝ ասելով, թէ Աստուածաշնչի հին եբրայերէնով այն բառը, որ ցոյց է տալիս, թէ մարդ մահից յետոյ ի՛նչ պիտի դառնայ, հնչում է որպէս «աֆար» (רפע) եւ այս բառը նշանակում է «մոխիր», այլ ոչ թէ հող: Դիակիզումն արդարացնելու համար շեշտւում է «մոխիր» բառը: Բայց անդրադառնալով եբրայերէն բնագրերին՝ տեսնում ենք, թէ գոյութիւն ունեն երկու նմանատիպ բառեր` «աֆար» (רפע), որ նշանակում է «հող», «գետին», «փոշի», ու «էֆէր» (רפא), որ նշանակում է «մոխիր» կամ «աճիւն»:

Կարդացեք նաև

Ծննդոց գրքի եբրայական բնագրերում օգտագործւում է «աֆար» (רפע) բառը, այսինքն՝ «հող», «գետին», «փոշի». «հող («աֆար», (רפע)) էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծննդ. 3, 19): Այս նոյն բառն օգտագործում է նաեւ Սողոմոն Իմաստունը հետեւեալ եզրում. «Ամէն բան մի տեղ է գնում, ամէն ինչ հողից («աֆար», רפע) է եղել, եւ ամէն ինչ հող («աֆար») է դառնում» (Ժող. 3, 20):

Աստուածաշնչի հետեւեալ եզրը ցոյց է տալիս, թէ ինչպէ՛ս են այս երկու բառերը օգտագործւում միատեղ. «Պատասխան տուեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակւում եմ խօսել Տիրոջ հետ, թէեւ ես հող («աֆար», (רפע)) եմ ու մոխիր («էֆէր» (רפא))»» (Ծննդ. 18, 27): Ի դէպ, Աստուածաշունչը նաեւ նկարագրում է, թէ ի՛նչ է կատարւում մարմնի հետ դիակիզման գործընթացի ժամանակ: Հին Կտակարանում կարդում ենք. «Այսպէս է ասում Տէրը. «Մովաբի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք այրեցին եդոմայեցիների թագաւորների ոսկորները, մինչեւ որ դրանք մոխիր («սիդ» (דיש)) դարձան»» (Ամոս 2, 1):

Այսպէս, ուրեմն, դիակիզման գործընթացի արդիւնքը, ըստ Աստուածաշնչի բնագրի, ոչ թէ հողն է («աֆար», (רפע)), կամ մոխիրը («էֆէր», (רפא)), այլ դիակիզման հետեւանքի մնացորդ կիրը կամ սուզակը («սիդ» (דיש)): Աստուած դատապարտեց Ադամին՝ ասելով. «Հող էիր եւ հող էլ կը դառնաս»: Աստուած հողի փոշուց ստեղծեց Ադամին, այլ ոչ թէ խարոյկի կրից: Ադամը նորից հող դարձաւ, այլ ոչ թէ կիր: «Կիր էիր ու կիր էլ կը դառնաս» ու նման արտայայտութիւն գոյութիւն չունի Աստուածաշնչում:

Գևորգ սրկ. Գևորգյան

«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից

Տեսանյութեր

Լրահոս