«Իրանի խառը վիճակից օգտվելով՝ Ադրբեջանը կարող է ագրեսիայի գնալ». Մենուա Սողոմոնյան
«Եթե Մերձմերձավոր Արևելքը խառնվում է և Իրանն էլ ներքաշվում է դրա մեջ, մենք կարող ենք սպասել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված սրացումներ կարող են տեղի ունենալ: Օգտվելով Իրանի խառը վիճակից՝ կարող է Ադրբեջանի կողմից՝ ագրեսիա, իսկ Թուրքիայի կողմից՝ դրա պաշտպանություն տեղի ունենալ: Մանավանդ, որ վերջերս Էրդողանն էլ որպես հարաբերությունները կարգավորելու նախապայման՝ նշել է «Զանգեզուրի միջանցք»-ի իրագործումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
Վերջին օրերին քննարկվում է 44-օրյա պատերազմից օրեր անց Հայաստանի արտգործնախարար նշանակված Արա Այվազյանի հայտարարությունը, որ արտաքին քաղաքական գերատեսչությունից գաղտնի է պահվել այն հուշագիրը, որով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխի մի մասը հանձնվեցին Ադրբեջանին:
Մենուա Սողոմոնյանը նկատեց՝ սա վկայությունն է այն բանի, որ ամբողջ իշխանությունն ուզուրպացված է Փաշինյանի կողմից. «Ինքն իրեն դրել է թագավորի տեղ, բացարձակ միապետի տեղ, որովհետև չի կարող պետության ղեկավարն անել մի բան, որի մասին ԱԳՆ-ն տեղյակ չէ: Բայց սա նորություն չէ. 2018 թվականի Դուշանբեի վերելակային պայմանավորվածություններն էլ էին նույն համատեքստում:
Այն ժամանակ էլ տեղի ունեցավ այն, որ այն, ինչ երկար տարիներ հենց ԱԳՆ մակարդակով պլանավորվել, հետևողականորեն իրականացվում էր, ինչ-որ հանգրվանային կետերի էինք հասել, կային Վիեննայի, Ժնևի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ սահմանային մոնիտորինգի մեխանիզմներ մտցնելու վերաբերյալ, մեկ էլ տեսանք ինչ՝ գնում է, վերելակի մեջ գնում է բանավոր պայմանավորվածության, և այդ ամենը ջրվում է: Այս ամենը նորություն չէ: Սա կարողանում է վարել պետությունը հաշվի չառնող քաղաքականություն՝ հղում անելով մի բանի վրա՝ դե, ես լեգիտիմ ընտրված վարչապետ եմ, ինչ ուզեմ՝ կարող եմ անել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում