«Մոսադը» սպասում է Իրանում իրավիճակի սրացմանը
Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից և մի շարք մերձավորարևելյան ԶԼՄ-ներում սպանության մանրամասների և հանգամանքների մասին հաղորդագրությունների հայտնվելուց հետո Իրանի իշխանությունները նախազգուշացրել են՝ «այդ հարցի վերաբերյալ հավաստի զեկույցները հրապարակվում են միայն իրանական հաստատությունների և պաշտոնական մարմինների կողմից»: Սակայն Թեհրանի նախնական արձագանքի գլխավոր իմաստը «լռության ռեժիմի պահպանումն» էր, որը «պայթեցրել» էին ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցները:
Սկզբում New York Times-ը հաղորդեց՝ Հանիայի սպանությունը կատարվել է իսրայելական «Մոսադ» հետախուզության գործակալների կողմից կառավարական նստավայրի իր սենյակում տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով, և այն գործի է դրվել հեռակա կարգով: Նույն պարբերականն իր տեղեկատվությունը լրացրել է նաև այն տեղեկություններով, որ Հանիայի սպանությունից հետո Իրանում «ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ հետախուզության ավագ սպաներ, պաշտպանության նախարարության աշխատակիցներ և Թեհրանում զինվորական հյուրատան աշխատակիցներ, որոնք պետք է ապահովեին նրա պաշտպանությունը, սակայն թույլ են տվել անվտանգության կանոնների ծայրահեղ խախտում»:
Այնուհետև այդ հաղորդագրությունները կրկնօրինակվել են The Wall Street Journal-ում, բրիտանական Telegraph պարբերականում։ Ընդ որում՝ այդ պարբերականները հղում են կատարել իրանական անանուն աղբյուրներին, որոնց թվում եղել են նույնիսկ իրանական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ, որոնք հայտարարել են, թե իբր «Հանիային սպանելու համար պայթուցիկները տեղակայել են ԻՀՊԿ-ի իրանական գործակալները «Մոսադ»-ի հանձնարարությամբ: Սրանք արևմտյան հատուկ ծառայությունների կողմից որոշակի նպատակներով հրապարակային օպերատիվ-տեղեկատվական միջոցառում անցկացնելու ակնհայտ նշաններ են։ Ո՞րն է դրանց իմաստը:
Սա տեղեկատվական պատերազմ վարելու հայտնի հնարքն է։ Հակառակորդին ստիպել արձագանքել մի իրավիճակում, երբ նա դեռ պատրաստ չէ ինքնուրույն գնահատել այն: Եթե նա սկսում է արագ արձագանքել, ուրեմն հայտնվել է հնարավոր հակասությունների մեջ՝ արդիականացնելով մշակված տարբերակը երկրի ներքին իրավիճակի ենթատեքստերի հետ խաչվող մակարդակով:
Տվյալ դեպքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի սպանությունը մի շենքի ներսում, որը Հեղափոխական գվարդիայի հյուրերի նստավայրն է, աննախադեպ իրադարձություն է Իրանի պատմության մեջ 1979թ. հեղափոխությունից ի վեր:
Սա ուղղակի մարտահրավեր է՝ ընկալմամբ, որ Թեհրանը չի կարող երկար լռել իր տարածքում Հանիայի սպանության մասին, և, որ նա այլ ելք չունի, քան հստակ և կամ զսպող պատասխան տալ, թե ինչու էր պատրաստվում այդ սպանությունը և ինչու այն տեղի ունեցավ։ Հետևաբար, ընդհանուր քաղաքական ենթատեքստը բնորոշենք «ազդանշաններով»։
Այն բանից հետո, երբ Իսրայելն ապրիլին հարձակվեց Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, Իրանում զոհվեց նախագահ Էբրահիմ Ռաիսին: Տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Դրանց արդյունքներով նշվել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձի նոր նախերգանքը։ Այսպիսով, հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու հետագայում։
Իրանական առանձնահատկությունների համատեքստում Հանիայի սպանության մանրամասներն ու հանգամանքները սուր քաղաքական նշանակություն են ստանում։ Եթե հաղթում է իրանական հատուկ ծառայությունների ներսում «դավադրության» հայեցակարգը, ապա մերկանում են նաև իրանական առաջնորդներին վերացնելու «Մոսադ»-ի հնարավոր հնարավորությունների հորիզոնները, ինչը կարելի է մատուցել՝ որպես «երկրում ներքաղաքական սուր պայքարի արդյունք»:
Դրան հետևում է նաև մեկ այլ եզրակացություն. եթե Իրանի շատ խնդիրներ կարելի է այլ միջոցներով լուծել նրա ներքաղաքական միասնության էրոզիայի միջոցով, ապա ինչո՞ւ սահել դեպի բաց պատերազմ նրա դեմ:
Այսպիսով, Իրանի դեմ սկսված նոր տեղեկատվական պատերազմն իր ներքին և արտաքին կողմնացույցի սլաքները տեղափոխում է նոր դիրք՝ խարխլելով Իսրայելի շուրջ «շիական գոտու» կայունությունը:
Այս համատեքստում գործողության հետաքննության ցանկացած հնարավոր տեխնիկական արդյունք, որը, ըստ պաշտոնական Իրանի, «պլանավորվել և իրականացվել է Իսրայելի և ամերիկյան աջակցությամբ», սկզբունքային առումով ոչինչ չի փոխում իրավիճակը գնահատելու հարցում:
Մեկ դիտարկում ևս. Հանիան հաճախ էր այցելում տարածաշրջանի շատ երկրներ, սակայն նրա սպանությանը «կանաչ լույս» տրվեց հենց Թեհրանում՝ երկրի մայրաքաղաքի խնամքով պահպանվող օբյեկտում, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունից ընդամենը մի քանի ժամ անց: Այս ամենին պետք է հաջորդի ևս մի կարևոր բան։
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի