Արցախի թեմը Վատիկանի թերթին մեղադրել է Բաքվի կեղծ քարոզչությանը մասնակցելու մեջ

ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն է որակել Վատիկանի պաշտոնական «L’Osservatore Romano» թերթի հոդվածը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի թեմը։

Նշենք, որ վերջերս Վատիկանի «L’Osservatore Romano» պաշտոնաթերթում հրապարակվել է «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով հոդվածը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի)։ Նյութում Արցախի հայտնի հայկական տաճարները ներկայացված են որպես «աղվանական»։

Հաղորդագրությունում ասվում է, որ այցելելով ներկայում օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, փորձել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից հորինված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»:

«Սա ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր–մշակութային ժառանգության իրական պատմության կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ։ Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին։ Այնուհետև նա պետք է նաև ուշադրություն դարձներ իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն գրված»,– ասված է հայտարարությունում:

Արցախի թեմը նաև ընդգծել է, որ նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ առաքելական եկեղեցու բազմադարյան պատմության, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս