Պետությունն ԱՆԻՖ-ին անհատույց հատկացրեց 1 միլիարդ 700 միլիոն դրամ․ ԱՆԻՖ-ցիները գնացին-ծախսերը մնացին
Դեռ հունիսին հայտնի էր դարձել, որ կառավարությունը որոշել է 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը. համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց էր ներառվել հունիսի 27-ի կառավարության նիստի օրակարգում։
Ըստ որոշման հիմնավորման՝ այդ գումարն ուղղվում է ANIF-ի «պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերի համար»։
Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում հանրայնացվել է ԱՆԻՖ-ի դրամաշնորհի պայմանագիրը, որը կնքվել է հուլիսի 29-ին։
Ըստ այդմ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին անհատույց հատկացնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն լուծարման գործընթացում գտնվող առևտրային կազմակերպությանը։
Նախահաշվում նշվում է, որ գումարն ուղղվելու է ընթացիկ ծախսերին, աշխատավարձերի վճարմանը, մասնագիտական այլ ծառայություններին, հարկերին ու պարտադիր վճարներին, վարկային պարտավորությունների կատարմանը։
Ի դեպ, այս դրամաշնորհն ԱՆԻՖ-ին տրված երրորդ աստղաբաշխական դրամաշնորհն է․ առաջինը տրվել էր 2022 թվականի մայիսին՝ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով՝ Ֆլայ Արնայի մեկնարկի համար, մյուսը՝ 2023 թվականի դեկտեմբերին էր՝ դարձյալ 1 միլիարդ 800 միլիոն դրամ՝ դարձյալ ձախողված «Ֆլայ Արնայի» համար։
Նշենք՝ ՊՎԾ-ն դեռ տարեսկզբին հայտարարել էր՝ ԱՆԻՖ-ն արդյունավետ չի օգտագործել պետության գումարները, ավելի ուշ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ընթացքի մեջ է:
Կոռուպցիոն սկանդալներում հայտնվելուց հետո «Պետական հետաքրքրությունների ֆոնդը» ցայսօր հանրային հետաքրքրությունների կենտրոնում է՝ բազմաթիվ չպատասխանված հարցերով։
Ավելին՝ ԱՆԻՖ-ի թեման արագորեն միմյանց հանդեպ խորթացրեց նոր իշխանությունների տանիքի տակ հայտնված բազմաթիվ ներկայացուցիչների․ դրա վկայումներից մեկը ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանի՝ տնօրենների խորհրդին դատի տալու հանգամանքն է, մյուսը՝ Քերոբյան-Ավինյան հեռակա բանավեճը, և այլն։
Արդեն մայիսին հայտնի դարձավ, որ Կառավարությունն ազատվում է ԱՆԻՖ-ից․ թափանցիկ աշխատելու մասին ինքնագովեստներ հնչեցնող կառավարությունն այս կառույցը լուծարեց առանց հանրությանն ուղղված որևէ բացատրության։
ԱՆԻՖ-ի ստեղծման մասին Կառավարությունը որոշում էր կայացրել 2019-ի ապրիլին: 2019-2021թթ. ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնված էր Էկոնոմիկայի նախարարությանը, 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, և ԱՆԻՖ-ը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ։
Մայիսի 23-ին արդեն հայտնի դարձավ, որ մինչև ԱՆԻՖ-ի լուծարումն ընկերության կառավարումը կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։