Ա՛յ քուր ջան, ո՞վ փող ունի, որ հիմա էլ ամառային արձակուրդ գնանք․ ՀԱՐՑՈՒՄ

Ամռան վերջին ամիսն է, բայց մեր քաղաքացիներից շատերն ամառային հանգստի մասին չեն մտածել ու չեն էլ պլանավորում, իսկ պատճառը սոցիալական վիճակն է, գումարի սղությունը․ այս պատճառաբանությունն էր հիմնականում հնչում՝ 168.am-ի փոքրիկ հարցախույզին ի պատասխան։

Այս տարի կարողացե՞լ եք կազմակերպել ամառային հանգիստ, մեկնե՞լ եք արդյոք որևէ հանգստավայր և որքա՞ն գումար եք ծախսել այդ նպատակով՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքացիներից մեկն արձագանքեց․

«Թոշակառու ենք, գումարս չի հերիքում․ ինչքա՞ն թոշակ են տալիս։ Այդ գումարով ապրե՞նք, կոմունալ տա՞նք, թե՞ գնանք հանգստի»։

Մեկ ուրիշը պարզաբանեց․ «Հայաստանի պայմանները թույլ չեն տալիս այնքան աշխատել, որ կարողանանք գնալ ինչ-որ տեղ հանգստանալու»։

«Ֆինանսական խնդիրներով պայմանավորված․ տարեցտարի վիճակը վատանում է», «Որ փող լինի, կգնանք», «Տո ա՛յ քուր ջան, ո՞վ փող ունի, որ հիմա էլ ամառային արձակուրդներ գնանք»․ հնչեցին նաև այսպիսի արձագանքներ։

Եվրոպայում իր հանգիստն անցկացրած անցորդն ասաց, որ մեկ անձի համար ծախսը եղել է մոտավորապես 1 միլիոն դրամի շրջանակում, Վրաստանից հանգստից վերադարձած քաղաքացին տեղեկացրեց՝ 90 հազարից փոքր-ինչ ավելի է ծախսել մեկ շաբաթվա հանգստի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս