«5-րդ օրն է՝ հաց չենք կերել, ուտելու որևէ բան չունենք». Անահիտ Հակոբյանը սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում է
60-ամյա Անահիտ Հակոբյանն իր 16-ամյա դստեր հետ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում, վարձով բնակվում է Առինջ գյուղում: Արդեն 3 ամիս է՝ չի կարողանում վճարել տան վարձը՝ ամսական 30 հազար դրամ: 90 հազար դրամ պարտք է կուտակվել, և տանտերը պահանջում է վճարել գումարը:
Տիկին Անահիտը 3 տարի առաջ ոտքը կոտրել էր, լավ չբուժելու հետևանքով այսօր բարդացումներ են առաջացել, չի կարողանում երկար ոտքի վրա կանգնել ու նորմալ քայլել։ 12 տարի առաջ էլ ամուսնուն է կորցրել, ավտովթարի հետևանքով, ինչից հետո անչափահաս դստեր հետ հայտնվել է բազմաթիվ խնդիրների մեջ։
168.am-ի հետ զրույցում Անահիտ Հակոբյանն ասաց, որ այլևս չգիտի՝ ում դիմել աջակցության խնդրանքով, բախել է պատկան գրեթե բոլոր մարմինների դռները, բայց ապարդյուն։
«Իմ ոտքը թույլ չի տալիս աշխատանք կատարեմ, տանտերն էլ ինձ հանգիստ ասում է՝ պարտքդ մարիր, դուրս արի տանից։ Չեմ ամաչում ասել, ու դուք էլ չզարմանաք, արդեն 5-րդ օրն է՝ մենք հաց չենք կերել, ուտելու որևէ բան չունենք։ Խայտառակ վիճակում ենք, երեխայիս գլուխն արդեն պտտվում է։ Հիմա մի քանի տեղ դիմել ենք, որ գոնե աղջիկս թեթև աշխատանք կատարի, մի խանութից ասել են, որ պահեստում կարող է թեթև տնտեսական ապրանքներ դասավորել, պետք է գնանք խոսենք, տեսնենք՝ կընդունե՞ն աղջկաս։
Գոնե հաց լինի, երեխաս ուտի, որ իրեն վատ չզգա, հասկանանք՝ ինչ ենք անում»,- նշեց Անահիտ Հակոբյանը։
Նա պատմեց, որ ոտքը բուժելու համար մեկ տարի առաջ հազար դոլարից ավելի գումար էր պահանջվել, վիրահատության և այլ ծախսեր հոգալու համար, սակայն այդքան գումար չի ունեցել ու դրանից հետո բժշկի չի գնացել, հիմա հավանաբար ավելի շատ գումար կպահանջվի ոտքի բուժման համար։
«Հիմա որ երեխուս հետ ինձ տանից դուրս հանեն, չգիտեմ՝ ինչ եմ անելու, գնալու տեղ չունեմ, միակ տեղը, որ կարող եմ գնալ՝ կներեք, բայց գրողի ծոցն է։ Ամուսնուցս հետո, մեծ քրոջս հետ աշխատում, երեխային պահում էինք, քույրս մահացել է, հիմա բոլորովին միայնակ ենք մնացել։ Ինձ մի բան էլ լինի՝ ոչինչ, աղջիկս է մեղք»,- ասում է տիկին Անահիտն ու արցունքները կուլ տալով՝ պատմում, որ շատ է ամաչում այս վիճակից, նույնիսկ երբեմն իրենց խնդիրների մասին չի բարձրաձայնում, որպեսզի աղջկա դասընկերները չիմանան, ու աղջիկն իրեն դպրոցում վատ չզգա, բայց արդեն թաքցնելու իմաստ չկա։ Բայց էլի գոհ է, որ գոնե դեռ այս խարխուլ տնակում են ապրում, փողոցում չեն։
«Բոլոր տեղերը դիմել եմ, կոպիտ ասեմ՝ շան տեղ չեն դնում, չեմ ստում, իսկապես անարձագանք է մնացել։
Հիմա առաջնայինը մեզ սնունդ տալն է, ախր ամաչում եմ, բայց ի՞նչ կարող եմ անել։ Հիմա նույնիսկ չեմ ուզում երեխայիս նկարն էլ հայտնվի այս նյութի մեջ, որ հետո երեխաս իրեն վատ չզգա։
Ես հույս ունեմ, որ մեզ օգնողներ կլինեն, ոտքի կկանգնենք»,- հույսով ավարտեց խոսքը Անահիտ Հակոբյանը։
Հ.Գ. Անահիտ Հակոբյանին օգնել ցանկացողների համար թողնում ենք տիկին Անահիտի հեռախոսահամարը՝ 098-60-22-52