Բաքվից հակադարձել են Էրդողանի հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արել է Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում, պնդել է, որ թուրքական զորքերը մասնակցություն չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
«Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել (խմբ․ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում) Ադրբեջանին, և նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել նրանց։ Պատերազմի ընթացքում նահատակվել է մոտ 3 հազար ադրբեջանցի զինվորական․․․։ Այլ պետությունների զինված ուժերը չեն մասնակցել մարտերին»,- նշել է երկրի պաշտպանության գերատեսչությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել, ինչպես մտել են Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։