Իրանում գրանցվել է դենգե տենդից մահվան առաջին դեպքը
Իրանում դենգե վիրուսից առնվազն մեկ մարդ է մահացել։ Սա դենգե վիրուսից մահվան առաջին դեպքն է 2024 թվականի մարտից ի վեր։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հակազդման կենտրոնի զեկույցի՝ մարտ ամսից ի վեր երկրում գրանցվել է դենգե տենդով հիվանդացության 152 դեպք։ Բացառությամբ մեկ անձի, բոլոր հիվանդացածներն Իրանի քաղաքացիներ են, որոնցից 130-ը վարակի առկայության դրական թեստ ստանալուց ոչ շատ առաջ ուղևորություն է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ, 7-ը՝ Պակիստան, իսկ 12-ը չեն հեռացել իսլամական հանրապետության սահմաններից։
Գերատեսչության տվյալներով՝ հիվանդությունը տարածող Aedes aegypti և Aedes albopictus մոծակներ կան Իրանի Բուշերի, Սիստան և Բելուջիստանի, Ֆարսի և Հորմոզգանի հարավային նահանգներում և Արդաբիլի, Գիլյանի և Մազանդերանի հյուսիսային նահանգներում:
Հուլիսի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Իրանում դենգե տենդի հետագա տարածման վտանգը գնահատել է որպես բարձր։
ԱՀԿ-ի տվյալներով՝ տարեկան դենգե տենդով է վարակվում մինչև 400 միլիոն մարդ, ընդ որում, այդ վիրուսային հիվանդության բուժում կամ դրա դեմ պատվաստանյութ առայժմ չկա: