ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պետդեպ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն, անդրադառնալով ամերիկյան վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո Վաշինգտոնի արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին, նշել է, որ Կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք, այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ։

Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին։

Պետքարտուղարությունն, անդրադառնալով հայ-ամերիկյան վերջին զորավարժությունների, ինչպես նաև այդ համատեքստում Ադրբեջանից հնչած արձագանքների վերաբերյալ հարցերին՝ նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ կայուն համագործակցությունն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում։

«ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման», – նկատել է Պետքարտուղարությունը։

Կարդացեք նաև

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի վերաբերյալ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր խոսնակի՝ վերջին ճեպազրույցի ընթացքում արված հայտարարությունը.

«Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը»:

Պետքարտուղարությունից պատասխանել են նաև այն հարցին, թե ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներով կառավարող վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո Հարավային Կովկասի հարցերում կարո՞ղ է արդյոք փոփոխությունների ենթարկվել նաև ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Պետքարտուղարությունն անկուսակցական հաստատություն է, և Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։

«Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում», – եզրափակել է Պետքարտուղարությունը:

Տեսանյութեր

Լրահոս