«Վախենամ՝ Երևանի կենտրոնում այնպիսի իրավիճակ լինի, որ քնած մարդիկ չհասցնեն արթնանալ. Հայրենասեր մարդիկ պետք է միաբանվեն ու միաբանեն». Քաջիկ Հարությունյան
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի զգալի հատվածն Ադրբեջանն օկուպացրեց, հազարավոր արցախահայեր տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Շատերը ստիպված եղան տեղափոխվել Արցախի դեռևս հայկական հսկողության տակ գտնվող տարածք, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում 120 հազարից ավելի արցախահայեր զրկվեցին իրենց տներից, ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի ներքո բռնի տեղահանվեցին Հայաստան, նրանց հետ՝ նաև ընդամենը 3 տարի առաջ Արցախի օկուպացված մյուս տարածքներից տեղահանվածները։
Այսօր արցախահայերը պահանջում են, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Արցախում հայկական մշակույթի կոթողների՝ եկեղեցիների և հուշարձանների նկատմամբ իրականացվող վանդալիզմը, պահանջում են ազատել հայկական Արցախը, որպեսզի բռնի տեղահանված արցախահայերը կարողանան վերադառնալ իրենց բնօրրան: Նրանց ձայնը, սակայն, չի հասնում աշխարհի բարձր ամբիոներին, որտեղ ակնհայտորեն լսելի է միայն Ադրբեջանի ձայնը, քանի որ նախ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, լավ գիտի՝ ինչպես բարձրացնի խնդիրները պետական մակարդակով, իսկ միջազգային հանրությունն էլ լավ գիտի՝ իր երկրի շահերն ինչպես սպասարկել:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանն ասաց՝ Արցախի հարցն օրակարգում չի կարող երկար ժամանակ մնալ, քանի որ այն ՀՀ իշխանությունների կողմից պետական մակարդակով չի բարձրացվում, այդ թվում՝ արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցը։
«Եթե այսպես շարունակվի, և իշխանություններն այսպիսի քաղաքականություն վարեն, ապա Արցախի հարցը մտնելու է փակուղի ու առհասարակ մոռացվի, մի քանի տարի հետո Արցախի մասին չեն էլ խոսելու։
Փաստորեն ՀՀ իշխանությունը մատը մատին չի տալիս Արցախի հարցը միջազգային հարթակներ հանելու, աշխարհով մեկ թնդացնելու համար, թե ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, ինչո՞ւ ՀՀ մի հատվածն ամբողջովին դատարկվեց, ու ինչպե՞ս եղավ, որ ստեղծող ու արարող արցախցին, կներեք բառիս համար, դարձավ «բոմժ»։ Ես չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի վերադարձնի Արցախը։ Արցախը դարեր ի վեր հայաբնակ է եղել, չնայած շատ ցեղեր եկել ու փորձել են տիրանալ Արցախին, բայց չի ստացվել։
Կրկնում եմ, եթե այսպես շարունակվի, վիճակը շատ վատ է լինելու»,- նշեց Քաջիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունը հաշվի չի առնում նաև այն արցախահայերի կոչումները, որոնք նրանք ստացել են Արցախում, նման վերաբերմունքից հետո արցախահայերն արդեն մտածում են՝ ավելի լավ է՝ մնային Արցախում, իրենց սրբությունների, գերեզմանոցների կողքին, ու այնտեղ էլ ադրբեջանցիների կողմից սպանվեին: Արցախից դուրս գալով՝ ֆիզիկապես պահպանել են իրենց գոյությունը, բայց հոգեպես մաշվում են։
«Ես չպետք է գայի Արցախից, թող ինձ այնտեղ սպանեին, ինձ էլ, 1000 հոգու էլ, բայց կիմանայինք, որ հայկական Արցախում ենք։ Այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանը բուլդոզերներ է մտցրել քաղաք ու ամեն ինչ հողին է հավասարեցնում, որպեսզի վերացնի հայկական հետքը։ Մի բան ասեմ՝ չզարմանաք, այսօր փողոցում շներին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան մարդկանց, զարմանում եմ, այս ի՞նչ դարձանք մենք։ Ադրբեջանցին շատանում է, տարածքներ գրավում, իսկ մենք պահում ենք մի շուն ու մի կատու, դրանով ամեն ինչ կատարած ենք համարում։
Տեսեք, թե մարդիկ այսօր ինչ անհոգ են, ասում են՝ դե, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, հայրենիքի համար ոտքի կանգնելը քաղաքականությամբ զբաղվե՞լ է։ Նման մարդիկ չեն հասկանում, որ այդպես ասելով՝ մի օր այնպիսի օր են ունենալու, որ փառք են տալու բլոկադայի մեջ գտնվող արցախցուն»,- շեշտեց Ք. Հարությունյանը։
Արցախի կորստից հետո և Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրների առկայության պայմանններում էլ հայ հասարակության մի զգալի հատվածը շարունակում է անտաբեր ապրել, կարծես թե ոչինչ չի եղել, ինչը, Քաջիկ Հարությունյանի մեկնաբանմամբ՝ հայրենասիրության պակասի հետևանք է։ Այսօր այնպես են արել, որ մարդկանց միջից առհասարակ հանել են հայրենասիրությունը։
«Մարդկանց գլխից հանել են այդ բառն ու այդ գաղափարախոսությունը, դե, ասում են՝ մարդ եք, ծնվել եք, կերեք -խմեք, մի օր մեռնելու եք գնաք, հիմա սրանց գաղափարախոսությունը սա է։ Ազգապահպանմանն ուղղված՝ ՀՀ-ում աշխատանքներ չեն կատարվում, իսկ եղածն էլ մարդկանց աչքի առաջ տապալվում է։
Հիմա գիտե՞ք միակ ելքը որն է, որ հայրենասեր մարդիկ հավաքվեն, միաբանվեն, միաբանեն և «քնած» մարդկանց արթնացնեն։
Վախենամ՝ մի օր Երևանի կենտրոնում այնպիսի իրավիճակ լինի, որ քնած մարդիկ չհասցնեն արթնանալ։
1988 թվականին մենք հաղթանակ չէինք կարող տանել, եթե այդքան հայրենասերներ չունենայինք։ Սթափ է պետք դատել և ամեն ինչ պետք է անել պետական մակարդակով, որի համար պետք են խելացի կառավարիչներ, ազգասեր ղեկավարներ ու մարդիկ»,- եզրափակեց Քաջիկ Հարությունյանը։