«ԵԱՀԿ համանախագահներն ասում էին՝ «հասկանում ենք, որ Արցախն Ադրբեջանի հետ որևէ առնչություն չունի»». Վահրամ Բալայան
Հայաստանի «քաղհասարակության» 20 ներկայացուցիչներ վերադարձել են Բաքվից, որտեղ մեկնել էին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Նրանք Բաքու էին մեկնել հայ-ադրբեջանական ցամաքային ճանապարհով, այնտեղ մնացել էին 2 օր։ Փետրվարին էլ Հայաստան էին եկել Ադրբեջանի «քաղհասարակության» անդամները։
Այսօր Բաքվից վերադարձած անձանցից մի քանիսը մամուլի ասուլիս տվեցին, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նաիրա Սուլթանյանն ասաց, որ Բաքվում անդրադարձել են «պահվող անձանց» խնդրին, ասելով, որ «այդ անձանց Բաքվում պահելը չի տեղավորվում խաղաղության գործընթացի մեջ» Նա նաև ասաց, որ չեն առանձնացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը, այլ ընդհանուր անդրադարձել են «պահվող անձանց»։
168.am-ն Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով Բաքվում պահվող գերիների հարցը չի բարձրացնում, իրատեսակա՞ն է, որ քաղհասարակության անդամների կողմից հարցի բարձրաձայնումը կարող է որոշակի դրական արդյունք տալ։
«Հնարավոր է հարցը բարձրաձայնեն, բայց նայած՝ բարձրացրած հարցն ինչպես ես քննարկում, ինչ ցանկություններով, ինչ պահանջներով։ Հետո, դրա հետ կապված բանակցությունների ընթացքում, այսպես ասած՝ «մեկը տալիս ես, մյուսը՝ վերցնում», այդ ընթացքում դու ի՞նչ ես պատրաստ անելու և այլն։ Այսինքն՝ սրանք հարցեր են, ն ,մենք չգիտենք, թե ինչպես են արծարծվել։
Շատ դեպքերում գերիների հարցը հանրային ճնշումների տակ դեպքից դեպք շեշտվում է։ Կարծում եմ՝ եթե գերիների հարցն այդպես ինտենսիվ բարձրացնում են, ապա ամենաբարձր մակարդակով հանդիպումներում՝ նկատի ունեմ երկու երկրների ղեկավարների, այդ հարցը պետք է քննարկվի, բայց արդյո՞ք քննարկվում է»,- նշեց Վահրամ Բալայանը։
Նրա բնորոշմամբ՝ Բաքվում ապօրինի դատապարտված հայ գերիների, պատանդների հարցը հայ հասարակությանը հուզող ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Ինչը նաև Հայաստանի ընդհանուր իմիջի հետ կապված հարց է, որը պետք է լայն քննարկման առարկա դառնա ու ստանա իր լուծումը։
Ինչ վերաբերվում է ասուլիսի ընթացքում հնչեցրած այն մտքին, որ «Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» թեզն առաջ քաշելով՝ ցանկանում է Հայաստանից այլ բան ստանալ, օրինակ՝ արցախահայերի հարցի փակելը, ընդունելի՞ է այս «առևտուրը», թե՞ ոչ, բայց այս տրամաբանությամբ է ընթանում հայ-ադրբեջանական կարգավորումը, Վահրամ Բալայանն ասաց՝ այս երկու հարցերը չպետք է դրվեն նույն հարթության վրա։
«Նշաձողն այնքան է իջեցվել, որ արդեն կատարվում է Ադրբեջանի ցանկությունը, քանի որ նրա ցանկությունը միշտ եղել է՝ հարցը դնել հավասար նժարի վրա։ Ալիևը սրա մասին երբեմն ակնարկում է, որ եթե արցախահայերի վերադարձի հարց կա, ուրեմն՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը պետք է դրվի շրջանառության մեջ կամ իրենք վերադառնան իրենց «պատմական հողերը» և այլն։ Սրանք անհամարժեք իրողություններ են, քանի որ թուրքը կամ ադրբեջանցին ի՞նչ կապ ունեն ՀՀ որևէ տարածքի հետ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Շարունակելով միտքը, Վահրամ Բալայնն ասաց, որ եթե հարցը դիտարկենք պատմական ընդհանուր խորապատկերի վրա, ապա հասկանալի է՝ ադրբեջանցիները դարերի ընթացքում արշավել են հայկական տարածքների վրա, որոշակի տարածքներ զավթել են, բայց փաստն այն է, որ որևէ առնչություն չունեն հայկական տարածքների հետ։
«Առհասարակ Կուր գետի աջափնյակից սկսած դեպի հայկական լեռնաշխարհի խորքերը պատմական Հայաստանն է։ Բայց փորձում են ամեն ինչ համարժեք դարձնել, դա էլ այն դեպքում, երբ Արցախի Հանրապետությունը դարեր շարունակ ունեցել է քաղաքական որոշակի կարգավիճակ, հայ մարդը պարզապես այս կամ այն գյուղում չի ապրել, ունեցել է կարգավիճակ, էլ չեմ խոսում պարսկական մելիքության ժամանակ, երբ հայկական այդ տարածքին տրված է կարգավիճակ։
Որևէ թուրք պաշտոնյա այդ տարածք չէր մտնում, հարաբերությունները մելիքների հետ էր։ Մինչև 1918 թվականը, երբ Անդրկովկասում ստեղծվեց 3 հանրապետություն, իսկ մինչև այդ Արցախում ձևավորվել էր հայկական իշխանություն, որի իշխանությունն ընդունում էին նաև տեղական թուրքերը։
Պատահական չէ, որ այդ կարգավիճակը հաշվի առնելով՝ խորհրդային տարիներին որոշակի ինքնավարություն էր տրվել։ Ինչպես Ադրբեջանն ուներ որոշակի կարգավիճակ խորհրդային պետության կազմում, այնպես էլ ուներ Արցախը։ Բերել այս ամենը հավասար տրամաբանության մեջ դիտարկել՝ ոչ միայն կոռեկտ չէ, այլև ծիծաղելի է»,-շեշտեց Վահրամ Բալայանը։
Մեր զրուցակիցը նաև ասաց՝ արցախահայերի վերադարձի, նրանց իրավունքների հետ կապված հարցերն առհասարակ որևէ առնչություն չեն կարող ունենալ ադրբեջանցի «տեղահանվածների» հետ։ Նա հույս ունի, որ ՀՀ դիվանագիտությունը գոնե հանուն Հայաստանի, հենց այս հարցերը պետք է մեջտեղ բերի, հակառակ պարագայում Հայաստանի դիրքերն ավելի խարխուլ կդառնան։
«Ի վերջո, աշխարհը հասկանում է, որ արցախահայերի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն, ժողովրդին բռնատեղահանել են իրենց պատմական հայրենիքից՝ Հայաստանի մի հատվածից՝ Արցախի Հանրապետությունից։
Եթե աշխարհն այս ամենը չտեսներ, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների ներկայացուցիչներն ամեն անգամ Ստեփանակերտ չէին գա ու չէին հանդիպի Արցախի ղեկավարությանը, չէին քննարկի 3 սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշումը և ուժի կիրառման բացակայությունը։
Տարիներ շարունակ ես ԱԺ պատգամավոր եմ եղել, այդ մարդիկ մեզ հետ անկեղծ էին, մշտապես ասում էին՝ «հասկանում ենք, որ Արցախն Ադրբեջանի հետ որևէ առնչություն չունի, հայկական տարածք է»։ Պարզապես այնպես ստացվեց, որ ինչ-որ փուլում մենք միայնակ մնացինք ու մեզ տեղահանեցին»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։



