Տեղի է ունեցել մեծ դավաճանություն, աշխարհաքաղաքական խարդավանք, և արդյունքում՝ եկել է այս իշխանությունը․ Ռոլանդ Շառոյան

Կարծես թե ինչ-որ բան այն չէ, թեև թվում է՝ ամեն ինչ նորմալ է։ Այսօր մենք գտնվում ենք ազգային-քաղաքական մի թոնրի մեջ, որտեղ ամեն ինչ լցված է այրելու, վառելու համար, բայց այն, ինչ պետք է այդ թոնրում թխել, մենք չունենք։ Եթե թոնիրը պիտի վառենք, ուրեմն մենք մեզ ենք այրելու, որովհետև մենք բոլորս հայտնվելու ենք այդ թոնրի մեջ։ Գետի մեջ չենք, թեև հիմա ջրհեղեղներ են լինում, գետեր են վարարում, զոհեր են լինում, բայց մենք հոգևոր-մշակութային, հայեցի իմացությամբ և նկարագրով այսօր մի քանի այլ երկրների պես տապակվում ենք մեր իսկ ձեռքով լցրած յուղի թավայի մեջ։ Մենք մեր ազգային-քաղաքական նպատակների առումով գտնվում ենք մի սարսափելի, անասելի իրավիճակում, գրեթե այնպիսի, ինչպիսին էինք 1915-ի Հայոց ցեղասպանության իրականացման նախաշեմին։ Հայաստանաբնակ հայ ժողովուրդն այսօր այս վիճակում է գտնվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը:

«Պետք է պայքարել։ Մյուս ժողովուրդների նման՝ մենք աշխատանքով, արարելով, ստեղծելով, կառուցելով՝ ապրել և ստեղծել ենք Հայաստան, բայց դժբախտաբար՝ այսօր նույնկերպ դա էլ չենք կարող իրականացնել, մեզ չի տրվում երկիր շենացնելու և կառուցելու հնարավորություն։ Տրվում է երկիրը քանդելու, ավերելու, ժողովրդին իրար դեմ հանելու ծրագիր՝ մարդկանց հասարակական-քաղաքական տարբեր լաբիրինթոսներում պահելով, թորելով, թրծելով նրանց լավ կամ վատ մտքերը։ Մենք մի այնպիսի պարանով ենք մեզ հանգուցել, կապկպել, որ Գորդյան հանգույցը ոչինչ է դրա դիմաց։ Մենք այսօր զսպաշապիկ հագած ժողովուրդ ենք աշխարհի բոլոր երկրներում, անշուշտ՝ Հայաստանից սկսած»,- ասաց արվեստագետը:

«Այս իշխանությանն իրավունքը տրվել է ընտրությամբ։ Խնդիրն այն է, որ մենք ենք ընտրել մեր դագանակին, հայրենիքը դավաճանողին, վաճառողին, թալանողին, հայրենիքն օտարող իշխանությանը։ Իրենք փաստերով ապացուցել են, որ մենք ենք ընտրել։ Նրանք բոլորը հայեր են։ Մենք չպետք է ընդունենք չգոյության որոշումը, նման որոշում չէր էլ կարող լինել։ Բայց խնդիրն այն է, որ տեղի է ունեցել մեծ դավաճանություն, աշխարհաքաղաքական խարդավանքներով լի մեծ ավանտյուրա Հայաստանի հանդեպ, և արդյունքում՝ մենք ստացել ենք ներկա իշխանությանը։ Իրենք էլ են ասում՝ ընտրվել են, մենք ենք ընտրել, իրենք խախտումներով չեն ընտրվել։ Այո՛, գնել են, խաբել են, վաճառել են, օտարերկրյա ուժեր, տերություններ աջակցել են նրանց, որպեսզի Հայաստանում ստանան այս իշխանության կացինը»,- նշեց գրողը:

Կարդացեք նաև

Նախկին նախարարի պնդմամբ՝ այս իշխանությունն իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիր, և այն պաշտպանվել է ոչ միայն եվրոպական, այլև շատ այլ խոշոր երկրների կողմից. «Չի կարող լինել ինքնազոհաբերման որոշում։ Սրանց դաստիարակել են, սրանք արտիստներ են, կատարողներ, Հայաստանն իրենց համար բեմահարթակ են դարձրել և խաղում են այն ներկայացումը, որը նրանց համար պատրաստել է Արևմուտքը։ Չէր կարող Հայաստանում այսպիսի իշխանություն լինել՝ առանց Արևմուտքի խոշոր տերությունների, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցության։ Չէր կարող մեր երկրում այս իշխանությունը կայանալ՝ առանց ֆինանսական մեծ օլիգարխիաների միջնորդության, ուղղակի չէր կարող։ Մեր ժողովրդի իներտ հատվածն աջակցեց և նույնիսկ ընտրության չգնալով՝ իր քվեները դրեց այդ արկղի մեջ։ Այդպիսի ընտրություն արել է, օրինակ, Հիտլերը Գերմանիայում»:

«Հնարավոր է անել ճշգրիտ քայլեր, դրա համար հարկավոր է կամք, խիզախություն, որպեսզի ապահովենք նախևառաջ՝ մեր ժողովրդի հավաքական մտքի արտահայտումը։ Շատ կարևոր է, որ մեր ժողովրդին սովորեցնենք՝ չի կարելի ապագան ընտրել դրամով։ Չի կարելի քո չծնված երեխայի, թոռնիկի, բարեկամի ապագան որոշել դրամով։ Հայաստանն այսօր տառապում է պետական կաշառակերության մեջ։ Դա այն է, երբ այլ պետություններից ստանում են պարգևներ, գումար, և իրականացնում են այն քաղաքականությունը, ինչն իրենց թելադրվում է։ Փաստորեն, մենք այստեղ ունենք գործակալների իշխանություն»,- ամփոփեց Ռոլանդ Շառոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս