Վանդալիզմը միայն հուշարձանը քլունգով քանդելը չէ, վրան սեփական կամ ցեղի անունը փորագրելը չէ. վանդալիզմը Մաշտոցի կենսագիր Կորյունի հուշարձանի գլուխը սպիտակ սավանի տակ թաքցնելն է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը հուլիսի 19-22-ը կազմակերպել էր Հայագիտական միջազգային կոնգրես, որին, ըստ ԿԳՄՍՆ-ի, Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից մասնակցել են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը:
Մատենադարանի պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալներ են շնորհվել Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ/AIEA) նախագահ Վալենտինա Կալցոլարիին և Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (ՀՈՒԸ/SAS) նախագահ Քրիստինա Մարանցին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ/AIEA) համահիմնադիր և պատվո նախագահ, պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ Երախտագիտության մեդալ:
Թե ԿԳՄՍՆ-ն, և թե Մատենադարանի պաշտոնական ռեսուրսները բազմաթիվ լուսանկարներ են հրապարակել Հայագիտական կոնգրեսի ընթացքից, սակայն 168.am-ը, համենայն դեպս, չգտավ դրանց մեջ լուսանկարներ Մատենադարանի բակային տարածքից, ուր տեղակայված են Հայ գրերի գյուտի հեղինակի, մեր ինքնության, լինելիության մեծ երախտավորի՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա աշակերտ Կորյունի, հայ մյուս երևելի գիտնականների հուշարձանները:
Իսկ Մաշտոցի անունը կրող հին ձեռագրերի խոշորագույն ինստիտուտի, հանրահայտ Մատենադարանի բակն Արևելյան շուկա էր հիշեցնում՝ սպիտակ անճաշակ տաղավարների շարքով:
Կազմակերպիչների «փայլուն» միտքն այնպիսի անճաշակ դեկորացիա էր երկնել Մատենադարանի բակում, որ ամոթից գետինը մտնելուց բացի, ոչինչ չէր մնում անել շարքային երևանցիներիս: Բնականաբար, Կորյունի գլուխը սպիտակ սավանի տակ մտցրած այս անըստգյուտ «գյուտի» հեղինակներին դա բնավ չի հուզել:
Ինչ-որ մեկը մտածել է, որ քննարկումների համար դրսում տաղավարների տեղակայումը և այն դրանք էլ թերևս շոգից պաշտպանելու համար արևելյան գմբեթների ոճի սպիտակ կտորներով ծածկած, խիստ նպաստելու է հայագիտական հարցերի շուրջ բուռն քննարկումների ծավալմանը, կամ առնվազն դա նորաձևության վերջին ճիչն է:
Վանդալիզմը միայն հուշարձանը քլունգով քանդելը չէ, վրան սեփական կամ ցեղի անունը փորագրելը չէ, վանդալիզմը նաև սա է, երբ ապականում ես երկրիդ հպարտության առարկան, ճարտարապետական կոթողը, մշակութային ու գիտական կյանքի կարևորագույն բաղադրիչը: Վանդալիզմը Մաշտոցի կենսագիր Կորյունի գլուխը սպիտակ սավանի տակ թաքցնելն է:
Ի վերջո, ամոթ է, կրթվեք մի քիչ. ցավոք, մեր երկիրը հիմա դուք եք ներկայացնում:շ