Ռուսաստանից հայ խոպանչիները 1000 անգամ ավելի շատ փող են ուղարկում, քան ԵՄ-ի տված 10 միլիոն եվրոն է. Արթուր Խաչիկյան
Մինչ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վայելում է Լոնդոնն ու լոնդոնյան փողոցներում հեծանիվ քշում, Արցախն այդ նույն Փաշինյանից նվեր ստացած Ադրբեջանի նախագահ Ալիևն օկուպացված Շուշիում մեդիաֆորում է անցկացնում, որի ժամանակ խոսում է Փաշինյանին ժամկետ տալու մասին.
«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի տարածքից՝ «Արևմտյան Ադրբեջանից, արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները» վերադառնալ իրենց «պատմական հողեր», այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ։ Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն՝ այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են»,- ասել է նա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, անդրադառնալով Ալիևի պահանջներին, շեշտեց՝ քայլ առ քայլ Ալիևը գնալու է իր նպատակի հետևից. նպատակը Հայաստանի ոչնչացումն է։
«Ադրբեջանի նպատակն է՝ ադրբեջանցիներին բերել Սյունիքում բնակեցնել, ինչը կամաց-կամաց բերելու է Սյունիքի վերացման, իսկ վերջնարդյունքում՝ Հայաստանի վերացման, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը դառնան մեկ պետություն»,- ասաց Խաչիկյանը՝ ցավով ընդգծելով՝ Հայաստանում կա հասարակության մի հատված, որ այս ամենից չի վախենում, փոխարենը՝ վախենում է, օրինակ, նախկինների վերադարձից։
«Ալիևը պահանջում է Հայաստանի ոչնչացում, իսկ մեր հասարակության մի մասի համար ավելի ցավալի է փողի, քան հայրենիքի կորուստը։ Որոշները կան, որ դիմավորում են ու ասում, թե նա իրենց թագավորն է, ամեն ինչ էլ պետք է հանձնենք, միայն թե ռուսներից պրծնենք։ Շնորհավորում եմ՝ ռուսներից պրծաք, բայց Հայաստանից էլ պրծաք»,- ասաց Խաչիկյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ Ալիևը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», որովհետև Հայաստանի իշխանությունը ենթարկվում է Թուրքիայի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի ճնշմանը. հիշեք՝ նույն Արևմուտքը համոզեց ՀՀ ղեկավարությանը հանձնել Արցախը, հիմա արդեն նույնն են անում՝ ծանր փոխզիջումներ են պահանջում Հայաստանի պարագայում։
«Հարց է առաջանում՝ այն մարդիկ, որ նման ղեկավարի առաջ ոչխար են մորթում, պատրա՞ստ են ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել. Թե՞ միասին են ոչխար մորթելու։ Իսկ կարո՞ղ է, երբ արբեջանցիները գան ապրեն Սյունիքում, իրենց համար էլ ոչխար մորթեք»,- Արցախն ու Հայաստանի տարածքներն Ալիևին հանձնած Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ ոչխար մորթողներին հարցրեց Խաչիկյանը՝ զգուշացնելով՝ ոչխար մորթողները թող հույս չկապեն Եվրամիության հետ՝ այն չի կանխելու Ալիևի ձեռքերով Հայաստանի վերացումը։
Ինչ վերաբերում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշման պաշտոնապես հաստատմանը, որը տեղի ունեցավ այսօր, Արթուր Խաչիկյանն առաջարկեց դրանից չոգևորվել և այդ թիվը համեմատել այն թվի հետ, որը նույն Եվրոպան տալիս է Ուկրաինային։
«Դա ծիծաղելի գումար է. Ուկրաինային 300 միլիարդ դոլար են տվել, Հայաստանին՝ 10 միլիոն. Գիտեք՝ Ռուսաստանում աշխատող հայ խոպանչիները հազար անգամ ավելի շատ փող են ուղարկում Հայաստան»,- հեգնեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։