
Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիան» ու միջանկյալ մեկ այլ ընկերություն պետգնումներում շարունակում են մնալ ֆավորիտ

«Այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է». դեռ տարեսկզբին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպես էր արձագանքել 168․am–ի այն հարցին, որով հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախարարի ղեկավարած գերատեսչությունը «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում գնումներ է կատարում իր ընտանիքին պատկանող ընկերությունից՝ «Արֆարմացիայից»:
«Արֆարմացիան» այսօր էլ շարունակում է մնալ պետգնումներում ֆավորիտ մատակարար։ Ասել է թե՝ նախարարի նշանաբանն այսօր էլ է ակտուալ՝ «այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է»։ Այսպես, տարին նոր է կիսվել, իսկ այս ընկերության հետ պետական տարբեր գերատեսչություններ՝ հիմնականում Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոններ, շուրջ 45 պայմանագիր են կնքել՝ պատվիրակելով միլիոնավոր դրամների դեղորայք, պատվաստանութեր, բժշկական նշանակության ապրանքներ և այլն։
Ու դարձյալ նշենք, որ «Արֆարմացիա» ՓԲԸ-ի 31 տոկոս մասնաբաժինը 1997 թվականից պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, մյուս՝ 29.7 տոկոսը, 2015 թվականից՝ հայտնի գործարար Վաչե Մանուկյանին, իսկ որպես միջանկյալ ընկերություն է նշվում «Ֆարմատեք» ՓԲԸ-ն, որը տնօրինում է Վահան Առուշանյանը։ Հետաքրքրական է, որ «Ֆարմատեք» ՓԲԸ-ն էլ իր հերթին է առանձին ու ակտիվ մասնակցում պետական գնումներին։ Վարդանյան և Մանուկյան գործարար զույգին է պատկանում նաև «Արֆարմացիա» դեղատուն-ՍՊԸ-ն՝ նույն մասնաբաժիններով և մասնակցությամբ։
Ի դեպ, թե՛ «Արֆարմացիա», թե՛ «Ֆարմատեք» ՓԲԸ-ների ակտիվությունը պետգնումներում առավել ուշագրավ է հենց 2018-2019 թվականներից․ նրանց հիմնական պատվիրատուներն են եղել Գավառի, Գորիսի, Կապանի, Արթիկի, Գուգարքի, Վանաձորի, Վարդենիսի և այլ տարածաշրջանների բկ-ները, ՆԳ, ՊՆ և այլ նախարարությունները, Բժշկական համալսարանը, առողջության այլ կենտրոններ և այլն։
Նկատենք՝ թավշա իրադարձություններից հետո Անահիտ Ավանեսյանի ընտանիքին պատկանող միայն այս բիզնեսը չէ, որ ծաղկել է․ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Իբարի» ՍՊԸ-ն, որը պատկանում է նաև Անահիտ Ավանեսյանի ամուսնուն՝ Ստեփան Ավանեսյանին, և զբաղվում է ջեմի, մեղրի, գինու, թեյի, մուրաբաների արտադրությամբ, կառավարությունից արտոնություններ էր ստացել։
Ինքը՝ Ավանեսյանը ևս ունի բիզնես շահեր․ 2011 թվականին հիմնադրված «Աբովյան 39» ՍՊԸ 50 տոկոսը պատկանում է նախարարին, մյուս 50-ը՝ քրոջը՝ Շուշան Վարդանյանին։ Ի դեպ, պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում նախարարը 12 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել հենց այս ՍՊԸ-ից։