Կյանքի գործարքը
Հայաստանի իշխանությունները շարունակում են ժողովրդավարությունը ներկայացնել՝ որպես պետության թիվ մեկ առաքելություն, առավելություն, անվտանգության ապահովման միջոց, և այդպես շարունակ։
Երկու օր առաջ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Հայաստանի արտգործնախարարն ավելի շատ խոսեց «հայկական ժողովրդավարության», քան ժողովրդավարական պետությունների լուռ համաձայնությամբ Արցախի էթնիկ զտման, արցախահայերին սովամահության ենթարկելու ողբերգության մասին, ընդ որում, վերջինները թվարկեց՝ սոսկ ընդգծելու համար, որ, չնայած դրան, Հայաստանը շարունակում է կայացնել ժողովրդավարությունը։
Իրականում ժողովրդավարությունը որևէ կապ չունի պրագմատիկ քաղաքականության, առավել ևս ու հատկապես՝ արտաքին քաղաքականության հետ։ Հայաստանի դեմոկրատական պիտակն իշխանության հերթական էժանագին քարոզչությունն է, որի համար այսօր ժողովրդավարական աշխարհը վճարում է՝ փոխարենը բավարարելով սեփական աշխարհաքաղաքական շահերը։
Եվ խնդիրը միայն այն չէ, որ իրականում որքան բարձր ու որքան շատ է իշխանությունը խոսում ժողովրդավարության մասին, այնքան ավելի մեծ քայլերով է Հայաստանը հեռանում ժողովրդավարությունից՝ վերածվելով դեմոկրատական ցուցանակով ավտորիտար պետության։ Աշխարհում դա շատ լավ հասկանում են ու հասկանալով՝ ոչ միայն լռում են Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի մասին, այլև իրականում քաջալերում են դրանք։
Բանն այն է, որ որքան «ժողովրդավարության բաստիոնն» իրականում ավելի շատ է ոտնահարում ժողովրդավարությունը, այնքան մեծանում է Արևմուտքի կողմից նրա «ժողովրդավարական առաջընթացով» հիանալու գինը։ Իրական ժողովրդավարական իշխանությունը կարիք չունի դրա մասին հավաստագրեր ստանալ այս կամ այն երկրի դեսպանատնից կամ միջազգային կազմակերպությունից։
Մինչդեռ Հայաստանի իշխանության համար ժողովրդավարությունը ոչ թե հավատամք է և պետական կառավարման անայլընտրանք միջոց, այլ իշխանությամբ այլասերվելու, անկախ ամեն ինչից՝ իշխանությունը պահպանելու այնպիսի հնարավորություն, որից իրենք օգտվում են՝ քաղաքական աջակցություն ստանալով Արևմուտքից, վերջինս էլ օգտվում է՝ այդ աջակցության դիմաց պահանջելով Հայաստանի պետական շահերին հակասող այնպիսի գործողություններ, որոնց որևէ դեպքում չէր դիմի իրական ժողովրդավարական իշխանությունը։ Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ժողովրդավարությունն ինքնին կենսականորեն կարևոր կացութաձև է, հավատարմությունը ժողովրդավարությանը՝ հարգանքի արժանի մոտեցում։ Եվ ֆորմալ առումով իշխանությունն այդ հարցում միշտ շահած է, քանի որ աշխարհին ներկայանում է՝ որպես ժամանակակից, դեմոկրատական արժեքներ դավանող կառավարություն։ Ընդ որում, քարոզչական տիրույթում դա ներկայացվում է այնպես, որ իշխանության դեմոկրատական դիրքավորման ցանկացած քննարկում որակվում է՝ որպես հակաժողովրդավարական, ավտորիտար դիրքորոշում։
Հայաստանում, սակայն, գործում է ոչ թե իրական ժողովրդավարություն, այլ ժողովրդավարության մեծագույն խաբկանք՝ սուտ, որը ձեռնտու է բոլորին, բացի հայ հասարակությունից ու Հայաստանի պետական շահերից։ Աշխարհաքաղաքական կենտրոնները «հայկական ժողովրդավարության» հաշվին իրացնում են իրենց գեոպոլիտիկ շահերը, հայ «դեմոկրատներն» էլ դրա դիմաց շարունակում են պահպանել իշխանությունը՝ մսխելով նաև դրա համար դրսից տրվող անհաշվելի ֆինանսները։ Սա ամենամեծ ու ամենակեղտոտ գործարքն է Հայաստանի դեմ, որն ապահովել է Նիկոլ Փաշինյանի կյանքի ամենամեծ մասնաբաժինը՝ բոլոր հնարավոր գործարքներից։
Հարություն Ավետիսյան