«Իրենց պետք է ունենալ հակառուսական կազմավորում Հարավային Կովկասում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կազմում՝ զավեշտալի է». Դավիթ Ջամալյան

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի և այլ պաշտոնյաների ներկայությամբ ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը, որը կտևի մինչև հուլիս 24-ը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Կարդացեք նաև

Հայ-ամերիկյան զորավարժություններն ի՞նչ կարող են տալ Հայաստանին, անհրաժեշտության դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարո՞ղ է որևէ կերպ երաշխիք լինել ՀՀ անվտանգությանը և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ ԱՄՆ-ը սկզբունքորեն չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխիք։ Չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունը, որովհետև Միացյալ Նահանգների քաղաքական կուրսը ենթադրում է Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից ամեն գնով։

«Միացյալ Նահանգները, որպես իր այս քաղաքականության հենարան, տեսնում է Թուրքիային ու Ադրբեջանին, որոնց շահերը նույնպես չեն համընկնում ռուսական կենսական շահերի հետ, ուստի ԱՄՆ-ը լուռ համաձայնությամբ ուղղորդում է թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները տարածաշրջանում։

Հայաստանի պարագայում ամեն ինչ հստակ է՝ անվտանգության ապահովման պատրանք ստեղծելով՝ Հայաստանին հեռացնել Ռուսաստանից։ Ընդ որում, անվտանգության ասպարեզում առաջացնել անջրպետ, որովհետև զորավարժություններն ինքնին, եթե կազմակերպվեր համադրման տրամաբանությամբ, օրինակ, եթե ՀՀ-ում լիներ պետականակենտրոն իշխանություն, ապա դա այլ արդյունք կտար։

Ի դեպ, նախկինում մեր պաշտպանական գերատեսչությունը համագործակցություն ունեցել է,Կանզասի ազգային գվարդիայի հետ, սակայն նախկինում այդ համագործակցությունը չի հակադրվել հայ-ռուսական համագործակցությանը։ Սակայն, այժմ այս ամենն արվում է հակադրության տրամաբանությամբ։ Կրկնում եմ՝ Միացյալ Նահանգներին ուղղակի պետք է Հայաստանին կտրել Ռուսաստանից, հանգեցնել մի այնպիսի իրավիճակի, որ հայ-ռուսական ռազմական կապը խզվի։ Սա հերթական անգամ Հայաստանը հակառուսական պլացդարմ դարձնելու նպատակ ունի, որովհետև սկզբունքորեն Հայաստանի անվտանգությունն այս զորավարժություններով չի բարելավվելու, հատկապես, որ խոսքը վերաբերում է խաղաղապահ բրիգադի լայն շրջանակին»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետը շեշտեց նաև, որ այս զորավարժություններն ի սկզբանե իրականացվելու են երկրի անվտանգությունը բարձրացնելու շղարշի տակ, բայց իրականում հետապնդում են հայ-ռուսական ռազմական կապերի թուլացման նպատակ։ Այդ պատճառով էլ չպետք է տրվել պատրանքների։ Ավելին՝ եթե Միացյալ Նահանգները փորձում է ՆԱՏՕ-ական չափանիշներ ներդնել ՀՀ զինված ուժերում, և սա ավարտվի նրանով, որ Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա այդ ամենը հասկանալի կլինի։ Բայց պետք է գիտակցել մեկ պարզ ճշմարտություն, որ Հայաստանը երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ չեն ցանկանում լրացուցիչ պարտավորություն վերցնել իրենց վրա։

«Պարզապես իրենց պետք է ունենալ մի հակառուսական կազմավորում Հարավային Կովկասում՝ ՆԱՏՕ-ի հեռավոր մատույցներում, բայց ոչ՝ ՆԱՏՕ-ի կազմում։ Այս կոնտեքստում ամեն ինչ շատ ավելի զավեշտալի է դառնում։

Ի դեպ, շատ ակնառու է վրացական օրինակը։ Արդեն որերորդ տարին է, վրացիները բռնել են եվրոինտեգրման ճանապարհը, բայց Վրաստանը ՆԱՏՕ-ից հրավեր չի ստացել և չի էլ ստանալու, ԵՄ անդամ չէ։ Երբ բանը հասավ նրան, որ փորձեցին Վրաստանին հարկադրել, որպեսզի երկրորդ ճակատ բացի ՌԴ-ի դեմ, Վրաստանի պետականակենտրոն կառավարությունը հակադրվեց։ Հասկանալով, որ Արևմտյան պլանները Վրաստանի հետ ինչպիսին են, վարում են ինքնուրույն քաղաքականություն՝ փորձելով առողջ հարաբերությունները վերականգնել ՌԴ-ի հետ, ինչը սարսափելի արձագանք է առաջացնում Արևմուտքի մոտ։ Գոնե Վրաստանի օրինակին նայելով՝ պետք է հասկանանք, որ այս ինտեգրացիա կոչվածը, որը Ռուսաստանի հետ կապերի խզում է ենթադրում, մեզ ոչինչ չի տալու, փոխարենը՝ կարող է շատ վտանգավոր արդյունքի հանգեցնել»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս