Ասում են՝ տուն ենք պահում. լա՛վ եք անում, բայց որքանո՞վ է ուրիշի տունը քանդելով՝ տուն պահելը ճիշտ. Արմեն Աշոտյան
Իր խափանման միջոցի փոփոխության հարցի քննության ժամանակ դիրքորոշմամբ հանդես եկավ նաև քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում իրեն, իր ընտանիքին ու իր պայքարին: Շնորհակալություն հայտնեց նաև երաշխավորներին, ովքեր նաև իր դասախոսներն են եղել:
«Ես չեմ պայքարում իմ անձնականի համար: Անազատության 400 օրերն անձնական անազատության օրեր չեն: Իմ և իմ ընտանիքի անձնական պատմությունները խամրում են այն ամենի դիմաց, ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում: Իմ երեխաները կտրված են հորից, բայց իմ երեխաների հայրը բանտում է, գերեզմանում չէ: Ես կտրված եմ տնից, բայց, փառք Աստծո, ես տուն ունեմ: Մեր հայրենակիցների զգալի մասը տուն չունի, շատ երեխաներ հայրեր չունեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով հանրային մեղադրողի խոսքին՝ Աշոտյանը նկատեց՝ վերջինս ոչ մի փաստ չբերեց, որ ինքը կարող է խոչընդոտել քննությանը:
«Ես չպիտի տուժեմ նրանից, որ իմ գործով առանցքային վկաներից մեկը վիրահատում է, մյուսն արձակուրդում է: Այո, 2 վկայի հարցաքննություն չի եղել, բայց ես դրանում մեղավոր չեմ»,- նկատեց քաղբանտարկյալ Աշոտյանը:
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին՝ փաստաբան խորհուրդ տալուն, Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեից (ՔԿ) պահանջեց գտնել այն մարդուն, ով խորհուրդ է տվել գործով անցնող անձին փաստաբան ունենալ:
«Մի ամիս առաջ Դուք որոշում կայացրեցիք, որ ինձ վերաբերող նյութերի ամբողջական ծավալը տան ինձ: Դեռ չեն տվել: Կալանավորից թաքցրել են նյութեր, որոնք վերաբերում են իրեն: Այդ ծավալի մեջ, ակնհայտ է, որ բաներ կան, որ դատախազներին պետք չեն եկել, բայց դրանք կարող են ինձ պետք գալ: Ինձ կալանավորելուց հետո Կարեն Հակոբյանին ևս 2 ամիս լսել են: Եթե ինձ կալանավորելուց հետո մարդուն 2 ամիս լսել են, վարիանտ չկա, որ էդ մարդն իմ մասին կնոջ կամ մեկ ուրիշի հետ 2 ամիս չխոսի: Կա՛մ պիտի ասի՝ լավ են արել, նստեցրել են, կա՛մ պիտի ասի՝ ի՞նչ էր արել այդ մարդը, որ տարել, սարքել, փակել են: Էդ անտեր դիսկի մեջ, որ ինձ տվել են, Կարեն Հակոբյանի 2 ամսվա ձայնագրությունից ոչ մի նյութ չկա: Ուրեմն պետք չի եղել, չէ՞, իրենց: Հիմա ես չունեմ էդ նյութերի դիսկերը: Միջնորդում են, որ կալանքս երկարացնեն էդ ձայնագրության հիման վրա, բայց ինձ չեն տալիս, տեսնեմ՝ մեջն ի՞նչ կա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաև միջազգային կառույցներին:
«Ես ԵՄ դեսպանին ճանաչում եմ, աշխատել եմ իր հետ Բրյուսելում: Ես էլ պատրաստ եմ իմ երկրի շահի համար սուտ խոսել, նաև պետք է եղել, սուտ եմ խոսել: Նույնն անում են ԵՄ դեսպանը, մյուսները, երբ աչք են փակում իմ գործի վրա: Ազնիվ է: Ես դա հասկանում եմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա առաջարկեց իշխանություններին ու իրավապահ մարմիններին նույնպես ազնիվ լինել ու ասել՝ ինչո՞ւ են իրեն պահում կալանքի տակ:
«Ասում են՝ տուն ենք պահում: Լավ եք անում: Բայց որքանո՞վ է ուրիշի տունը քանդելով՝ տուն պահելը տուն պահել… Եսի՞մ…»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: