Կատաստրոֆիկ վիճակում ենք, եթե չենք ուզում հայրենիք կորցնել, պետք է դառնանք սպարտացի, այս ժողովրդին իրական առաջնորդ է պետք. Սամվել Թադևոսյան

Հունիսի 10-ից Կիրանցով անցնող միջպետական ճանապարհը դադարել է գործել՝ մեքենաները պետք է անցնեն Աճարկուտ գյուղով։ Գյուղի դպրոցին հարակից հատվածում սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում։

Դեռևս ապրիլին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Կիրանց գյուղի կամուրջն ու մոտ 1 կմ ճանապարհը հուլիսի վերջին պետք է անցնեին Ադրբեջանի վերահսկողության տակ: Մինչև ամսվա վերջ դեռ 20 օր ժամանակ կա, բայց ճանապարհն ու կամուրջն արդեն հանձնված են Ադրբեջանի վերահսկողությանը։

168.am-ի հետ զրույցում վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը Տավուշում ստեղծված իրավիճակը գնահատելով և հայրենիքը չկորցնելու հարցում ժողովրդին ուղղված մեղադրանքներին ու քննադատությանն անդրադառնալով՝ ասաց, որ ամեն ինչում չպետք է մեղադրել միայն ժողովրդին, ժողովուրդն ամեն ինչ կանի, եթե նրան առաջնորդող լինի։

««Ժողովուրդ» բառն ինքն իր մեջ ամեն ինչ ասում է՝ ժողովված, ժողովրդին առաջնորդներ են պետք, որպեսզի գրագետ ուղղությամբ տանեն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց սովորաբար ո՞ր հոտն է վերադառնում գյուղ, այն հոտը, որին հովիվը տարել է ճիշտ տեղ, ոչ թե տարել ու ձորից գցել է։ Իսկ այն հովիվը, ով մեծամիտ է, ինքնամեծար, ամբողջ ընթացքով զբաղված է եղել սեփական անձով, պարզ է, չէ՞, արդեն նրա հոտն ինչ վիճակում է հայտնվում։

Կարդացեք նաև

Չեմ կարող ժողովրդին մեղադրել, սա այն ժողովուրդն է, որը միայն 5 հազար զավակ տվեց հայրենիքի պաշտպանությանը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 6 հազար հայորդի, էլ չեմ խոսում հաշմանդամություն ձեռք բերածների ու անհետ կորածների մասին։ Էլ ի՞նչ անի ժողովուրդը, որն իր ծոցում մեծացրած որդիներին տվեց հայրենիքին։ Ուստի պետք է ազնիվ լինել ու մեղքի սլաքը չուղղել ժողովրդի դեմ, պետք է ազնիվ ասենք՝ այս ժողովրդին առաջնորդ է պետք՝ իրական առաջնորդ։

Ես հավատում եմ իմ ժողովրդի պոտենցիալին և հավատում եմ, որ կա այն մարդը, որը կարող է ազնիվ առաջնորդ լինել։ Այլ հարց է, որ նրան ասպարեզ դեռևս չեն տալիս, կամ էլ այլ հարց է, որ ցանկությունների ցանկից դեռևս դուրս է հայրենիքով զբաղվելը»,- նշեց Սամվել Թադևոսյանը։

Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ ժողովրդի համբերությունն էլ սահմաններ ունի, նույնիսկ տիեզերքը սահման ունի, այլ հարց է, որ չեն կարողանում չափել, ու այդ պատճառով ասում են՝ սահմաններ չունի, հետևաբար՝ իր համար դժվար է ասել, թե էլ ինչ կարող է անել մինուճար որդուն կորցրած, հարստահարված ու հիասթափված ժողովուրդը։

Ըստ նրա, այսօր աշխարհը կատաղած առաջ է գնում, և պետություններն իրենց սեփական շահերը պաշտպանելու ու առաջ տանելու համար ոչինչ չեն խնայում՝ ո՛չ ռազմական արդյունաբերության, ո՛չ մշակույթի, ո՛չ տնտեսության մեջ։

«Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը՝ ոչինչ, քնած է «էշի ականջում»։ Փոխարենը՝ մարդկանց բռնում, գործեր է հարուցում, հետո արդարացնում է, թե՝ վայ, արդար էին, լավ, սա ի՞նչ շոու է։ Ես չեմ ասում՝ այդ մարդիկ մեղավոր են, կամ մեղավոր չեն, սա իրավաբանների գործն է, բայց եթե մարդն անմեղ է, ինչո՞ւ են քրեական գործ բացում»,- շեշտեց կինոգործիչը։

Սամվել Թադևոսյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու դրանից հանրության ակնկալիքներին, նախ հիշեցրեց՝ երբ Բագրատ սրբազանն իր համակիրների հետ Տավուշից եկավ Երևան, մայրաքաղաքում բուռն կրքեր առաջացան, հավաքվեց կրիտիկական ու լուրջ զանգված։

«Ես քաղաքական գործիչ չեմ, որ խորը վերլուծեմ, բայց իմ համեստ կարծիքով՝ բաներ կան, որոնք շարունակ պետք է տաք պահել։ Արդեն էլ կարիք էլ չկա ասելու, թե ՀՀ այս իշխանությունն ինչ ճանապարհով է եկել իշխանության, նրանք այս երկրի հետ բացարձակ կապ չունեն, ո՛չ բարոյապես, ո՛չ արժեհամակարգային։ Իսկ եթե մարդը մի բան չի սիրում, ինչպե՞ս կարող է նրա նկատմամբ բարյացակամ վերաբերմունք դրսևորել։

Երեկվա փնթի ադրբեջանցին, ով այսօր պատկերացումներ ունի հարենիքի մասին, իր պոտենցիալի մեծ մասը տվեց ռազմագիտությանը և անուղղակի ստացավ աշխարհի համաձայնությունը՝ հայկական տարածքները զավթելու համար։

Իսկ մեր երկրի տերերը հրահանգ են կատարում, եթե չկատարեն, ապա նրանց չեն ներելու։ Տեսաք՝ Սահակաշվիլիին օգտագործեցին, հետո տեր չեղան։

Մարդն ԱԺ ամբիոնից ասում է, որ «իր ամբողջ մեղքն այն է, որ ավելի շուտ չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում», սա պաթոլոգիա է։ Այս մարդուն ու իր «կամանդին» առաջին հերթին պետք է տանել հոգեբույժի մոտ, ապա իրավաբանները պետք է նստեն ու հանգամանորեն պատիժ սահմանեն, բայց սա կմնա ազնիվ ժամանակներին։

Կատաստրոֆիկ վիճակում ենք, եթե չենք ուզում հայրենիք կորցնել, պետք է դառնանք սպարտացի, հակառակ դեպքում պետք է դառնանք քրդերի, ասորիների նման՝ ապրենք, բայց առանց հայրենիքի»,- եզրափակեց Սամվել Թադևոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս