«Վերևներում հոգեվարք է սկսվում. մատաղացուներն արդեն գտնվել են». Սամվել Թադևոսյան
Ռեժիսոր, սցենարիստ, վավերագրող Սամվել Թադևոսյանն այն կարծիքին է, որ «վերևներում հոգեվարք է սկսվում, իսկ մատաղացուներն արդեն գտնվել են»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ վերջին «մատաղացուն» Կիլիկիայի հետ բացարձակ կապ չունեցող տղան էր՝ Հովիկը. «Իսկապես անկապ մարդ, որը ո՛չ հայրենիք ունի, ո՛չ հայրենիքի գիտակցություն: Սովորական գործիք է, կամակատար: Այն, ինչ արվում է, ո՛չ որևէ օրենքի մեջ է տեղավորվում, ո՛չ՝ տրամաբանության: Երկրի տերերն իրենց տրամաբանական վախճանին են գնում, ցավում եմ, որ դա մեր հաշվին է լինում: Գիտեք՝ Ալիևը հոխորտում է, որ Արևմտյան Ադրբեջանի բնակիչների հետ պետք է բանակցել, իրեն պահում է բացարձակ հաղթողի կերպարով, և ամենացավալին այն է, որ այստեղ ունի գործընկերներ՝ երկրի իշխանավորները: Նրանք ոչ մի կերպ չեն ուզում ապացուցել, որ հայ են, իշխանավոր են և այս երկրի բախտով են զբաղված»:
Ռեժիսորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ապակողմնորոշում է մարդկանց. «Այս մարդը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի, բայց ունի լավ խորհրդատուներ, կարծեմ՝ կարմիր գծից անդին: Իրեն բացատրում են, նաև պահանջում են՝ ինչպես վերջնական բարոյալքման հասցնել հասարակությանը: Նժդեհի հանճարեղ խոսքը՝ ազգ, բանակ, հայրենիք, և տեսեք՝ արդեն կպնում է մեր հիշողության ռահվիրաներին:
Ի՞նչ է նշանակում ազգ-նահատակ: Եթե այս երկիրը նահատակ է, դու էլ այդ երկրի վարչապետն ես, դու նահատակության ջահակի՞րն ես: Քեզ բերել են, որ վերք բուժե՞ս, թե՞ վերջնական անհույս վիճակի հասցնես: Այո, մեր գործերը լավ չեն, որովհետև փոթորկից փախչելիս՝ ընկանք ջրհեղեղի գիրկը: Հիմա շատ են մեր ժողովրդին որպես զոհ ներկայացնում, ասում են՝ կամք չունի, թուլամորթ է, ինչ ասում են՝ ենթարկվում է: Բայց սա այն ժողովուրդն էր, որ ընդամենը 4 տարի առաջ 5000 մատղաշ զավակներ տվեցին մեր հայրենիքի համար: Հեշտ է մեղքը բարդել ժողովրդի վրա: Նրանք, ովքեր կուսակցական ներքին խմբային շահերի հետևից են ընկած, ցավում եմ, որ ըստ որոշ բամբասանքների՝ գործակցում են նաև իշխանավորների հետ, նրանք մեծ պատասխանատվություն ունեն: Հայաստանը չինական մի ավան է, եթե ի զորու չենք մի ավան պահել, ուրեմն՝ այն խաղերը, որ մեր գլխին խաղում են, մենք դրան արժանի ենք»:
Ըստ նրա՝ ժողովրդին պետք չէ մեղադրել. «Ես հիասթափված եմ մերօրյա առաջնորդներից: Բագրատ Սրբազանն իմ վերջին հույսն է: Բայց չստացվի, որ Բագրատ Սրբազանը մենակ է մնում: Նրա կողքին պետք է լինեն հավատարիմ մարդիկ և, իհարկե, ժողովուրդը: Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակի միտինգի ժամանակ հսկայական մարդ էր հավաքվել. Այդ ժողովրդի ուժը պետք է գեներացվեր: Ես գիտեմ՝ Բագրատ Սրբազանն ինչ է ուզում, ես նրա կողքին եմ. Նա ուզում է, որ երկրում լինի հավասարակշռված բարոյական միջավայր, այլասերվածները պետք է հեռացվեն, այս երկրի հետ կապ չունեցող իշխանավորները պետք է հեռացվեն: Միջնոդները բազում են: Այնուամենայնիվ, կա լուսավոր կետ և այդ լուսավոր կետը սպիտակ հագուստով հոգևորականն է՝ Բագրատ Սրբազանը:
Մենք կռվում ենք գլոբալ ուժերի դեմ, գլոբալ վերաբաժանումներ են կատարվում, չկարծեք՝ միայն այս մի քանի հոգին են: Մենք ձեռնոց ենք նետել աշխարհին, որովհետև ուզում ենք պահել մեր դիմագիծը, մեր կրոնական հավատալիքները, Աստծո հետ առնչվելու առաջնեկը լինելու իրավունքը: Երկրի տերերին հրահանգված է՝ մեր հիշողությունից հանեն պատմական Հայաստան տերմինը: Կիլիկիան այն տղայի համար է ոչինչ, Մասիսը՝ սրա, ասում է՝ բավարարվեք Արագածով, մի օր էլ վեր կկենա, կասի՝ Արագածն էլ դուրս չի գալիս, վրայի ձյունը շատ է, դա էլ եկեք տանք սրան-նրան: Սա կատարյալ ողբերգություն է: Երաշխիք չկա, որ լեզուս էլ չի պտտվում ասել, որ կկորցնենք մեր պետականությունը, բայց ծվարած կլինենք մեր հայրենիքի մի անկյունում»:
Նա ասաց, որ 2020 թվականից հետո խորը դեպրեսիայի մեջ էր. «Ես տեսա մարդու անկումը, ես տեսա, որ մարդը դարձավ կենդանի: Ասելիքս բոլորին չի վերաբերում, բայց ես տեսա, թե ինչպես դարերով կառուցված Հայաստան հրաշքը մի քանի ամսում դուրսպրծուկների հետևողական աշխատանքի բերումով փլուզվեց: Ես տեսա, թե ինչպես է երկրի վարչապետն ասում, որ մի սխալ է արել, պետք է շուտ ասեր, որ պատերազմի ելքը կանխորոշված էր:
Այդպիսի պղծություն տեսնելուց հետո մի վարքագիծ է ձևավորվում, որ շուտափույթ պետք է ազատվել այդ կարգի մարդկանցից: Ինչո՞վ է զբաղված մեր ընդդիմությունը. Այդ պարկեշտ զրույցները, պառլամենտում ՔՊ-ականների ելույթների դեմ արգումենտները ոչինչ չեն տալիս: Մարդը մյուս օրը գալիս է, նոր թույն է սրսկում մեկ այլ ասպարեզի վրա, մեկ ուրիշ հարցով է փչացնում ամեն ինչ: Ճիշտ հետքի վրա չէ ընդդիմությունը: Պետք է այլ ռելսի վրա տեղափոխել պայքարի սլաքը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում