Ստում են, որևէ մեկին չեն հանդիպել՝ եկել, ծառի տակ նկարվել ու գնացել են. հպա՞րտ են, որ ՀՀ քաղաքացու հողը դարձրել են Ադրբեջան. Կիրանցեցին՝ ՔՊ-ականներին

ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ՝ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, Նարեկ Զեյնալյանը, Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք, նախորդ շաբաթվա վերջին գնացել էին Տավուշ՝ եղել Կիրանց գյուղում՝ տեսնելու, թե ինչպես է ադրբեջանական կողմին հանձնված հայկական հողում փշալար քաշվել ու սահմանային սյուներ տեղադրվել։ Այդ ամենը տեսնելուց հետո ծառի տակ գեղեցիկ խմբակային լուսանկար էին արել ու վերադարձել Երևան, որից հետո գրառում էին արել, թե՝ ինչ լավ է, որ սահմանային փշալար կա արդեն Տավուշում։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նարեկ Զեյնալյանն ասաց. «Կիրանց գյուղում շրջել ենք, մի քանի հոգու ենք հանդիպել, զրուցել, և ըստ էության բնակիչներն իրենց աշխատանքին էին և որևէ բողոք, բացասական տրամադրություն կամ որևէ բացասական էմոցիա չի եղել։ Մենք մեր աչքերով տեսել ենք այն, ինչ կատարվում է։ Վստահ եմ, հստակ արձանագրել ու գիտակցել են, որ այն, ինչ իրենց ասվում էր փողոցային ընդդիմության կողմից, եղել է սուտ։ Բնակիչները գոհ են, գնացեք, խոսեք բնակիչների հետ, նրանք գոհ են, որ սահմանը հստակ է»։

168.amի հետ զրույցում կիրանցեցի Գոհար Վարդանյանն ասաց՝ Կիրանց են գնացել Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները, և եթե նրանք կարծում են, որ կիրանցեցիները գոհ են այն ամենով, ինչ տեղի ունեցավ, կարող էին հանդիպել բնակիչներին, վերջիններս իրենց «գոհունակությունը» կհայտնեին անձամբ իշխանական պատգամավորներին։

«Իրենք եկել գյուղամեջ, ծառի տակ նկարվել ու գնացել են, բնակիչների չեն տեսել։ Թող հանդիպեին բնակիչներին, մարդիկ իրենց «շնորհակալությունը» կասեին, բա ինչո՞ւ չեն հանդիպել։ Թող գան՝ ինձ հանդիպեն, ես իմ շնորհակալությունը կհայտնեմ։ Իրենք ստում են, որևէ մեկին չեն հանդիպել»,- նշեց Գոհար Վարդանյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, եթե ՔՊ-ական պատգամավորներին հանդիպեր, չգիտի՝ որևէ հարց կտա՞ր, թե՞ ոչ։

«Իրենք գալիս-կանգնում են կիրանցեցուն պատկանող վարելահողում, որով անցնում է փշալարը, հետո ասում են, թե՝ մենք հպարտ ենք մեր տեսածով։ Իրենք հպա՞րտ են, որ ՀՀ քաղաքացու հողը դարձրել են Ադրբեջան։

Փաշինյանը սահմանապահի հետ խոսում ու ասում էր, թե գյուղացիները մինչև վերջին միլիմետրը կարող են իրենց հողերը մշակել։ Սա սո՛ւտ է, գյուղացին չի կարողանում իր հողը մշակել։ Եթե հիմա գյուղացին ուզենա գնա այդ փշալարի մոտ, ՀՀ սահմանապահները թույլ չեն տալիս, ես հիմա չեմ կարողանում գնալ իմ վարելահողին մոտ։ Ցորեն ենք ցանել, չենք կարողանում բերքը հավաքել, նախ՝ ճանապարհ չկա, հետո էլ՝ սահմանապահները չեն թողնում, գուցե հասկանում են, որ անվտանգ չէ, ու չեն թողնում»,- նշեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս