Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անուղղակիորեն զգուշացնում է ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման հնարավոր հետևանքների մասին։
Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանը կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ը չի ձգտում խաղաղության և անվտանգության։
Նրա պնդմամբ, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր ներկայությունն ակտիվացնելով` այլ նպատակներ է հետապնդում։
«Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Կարծում ենք, որ երբ «մեծ սատանան» մտնում է տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում՝ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության և անվտանգության ձգտման վրա հիմնվելու փոխարեն»,- ասել է նա։
Դեսպանը հավելել է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններից հանել այլ երկրներին, ապա դա ամենևին ինքնանպատակ չէ։
«Մենք ուզում ենք, որ համապարփակ խաղաղություն լինի։ Ցավոք սրտի, այդ «մեծ սատանան» իր նպատակներին հասնելու համար օգտագործում է տարբեր գործիքներ։ Հաշվի առնելով «մեծ սատանայի» հարցում առկա փորձը՝ մենք շատ թերահավատ ենք նրանց կողմից հնչող կարծիքների և հայտարարությունների վերաբերյալ»,- նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանում չեն հավատում ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե իրենք ցանկանում են տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարին։
«Տարածաշրջանում ցանկացած լարվածություն պետք է լուծվի հենց տարածաշրջանի երկրների ներսում։ Ցանկացած պատերազմ կազդի և հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների համար։ Հետևաբար, «3+3» ձևաչափը, որը ներառում է տարածաշրջանի երկրները, կարող է թույլ տալ հասնել երկարատև խաղաղության»,- գտնում է իրանական կողմը։
Ըստ նրա` «3+3»–ը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական ասպեկտներով, այլև տնտեսական, առևտրային և այլ տեսանկյուններից։
168․am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանը չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, ինչպես արևմտյան մի շարք երկրներ, սակայն Իրանն անկաշկանդ կարող է արտահայտել իր դիրքորոշումները և կիսվել իր անձնական փորձով, որը Միացյալ Նահանգների հետ ամենևին էլ դրական չէ։
«Նման երկրները փոքր ռեգիոններում իրենց շահերն առաջ մղելու համար ոչնչի առջև կանգ չեն առնում, շեշտակիորեն առաջ են մղում իրենց օրակարգը։ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքական առաջնահերթությունները հայտարարված են, դրանք ԱՄՆ-ի թիրախներն են և ոչ թե հարավկովկասյան երկրների ապագան։ Ուստի Իրանի համապատասխան պաշտոնյաները խոսում են Իրանի փորձառության և Իրանի կարծիքի մասին, որը հիմնված է փաստերի վրա»,- ասաց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ ռեգիոնալ «3+3» հարթակը ոչ հեռու ապագայի հարց է։
Նրա համոզմամբ, աշխարհաքաղաքական զարգացումների որոշակի փուլում սա ունակ է դառնալ բավականին ճկուն քաղաքա-տնտեսական գործիք Հարավային Կովկաս-արտատարածաշրջանային ուժերի հարաբերությունների դաշտում։
«Որքան Հայաստան-Ադրբեջան բանակցությունները մոտենում են վերջնական փուլին, այնքան Արևմուտքն ավելի ակտիվ է աշխատում այս ռեգիոնում, թեև բանակցություններին միջնորդ չի եղել, որևէ գործառույթ՝ որպես միջնորդ չի իրականացրել, սակայն այս փուլում ցանկանում է մասնակցել, ցանկանում են մեծ ազդեցություն ունենալ ողջ ռեգիոնում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան կտրվածքով, նրանց հետաքրքրում են ռեգիոնալ բոլոր երկրները, նրանց համար հեշտ կլիներ երեք երկրներին առնել մեկ փաթեթի տակ, ինչը չի հաջողվում, քանի որ բոլոր երկրներն իրենց առանձին պատմությունը, խնդիրները, ներքաղաքականությունն ու ձգտումներն ունեն։
Ինչպես Վրաստանը, որը ցանկանում է միանալ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, սակայն դա պատկերացնում է որոշակի ինքնուրույնության դրսևորումներով, Ադրբեջանը չի միանում որևէ բևեռի և փորձում է դիվերսիֆիկացված քաղաքականության տպավորություն ստեղծել, թեև Ադրբեջանի համար կարևոր են ծրագրերը Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը վերջին շրջանում վարում է ավելի արևմտամետ քաղաքականություն։ Այս ամենը մեկ տեղում միավորելը, մեկ փաթեթով այս ամենին վերաբերվելը շատ բարդ է, սակայն ԱՄՆ-ը այդպես է ցանկանում ու պատկերացնում»,- ասաց վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է արտատարածաշրջանային ուժերին, ապա, նրա խոսքով, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը համագործակցում են։
«Ասել, որ այդ համագործակցությունը լիովին անամպ է, սխալ կլինի, քանի որ ռուս-թուրքական հարաբերություններում են ի հայտ եկել հրապարակային տարաձայնություններ, երկկողմ բարդ դիրքավորում և աշխատանք է ընթանում։ Ուստի մենք բոլորս գտնվում ենք բարդ փուլում»,- նկատեց նա։
Սալամին գտնում է, որ ռեգիոնը բավականին բարդ ու թեժ աշխարհաքաղաքական զարգացումների փուլ է թևակոխել։
«Այնպիսի փուլ, երբ զարգացումներն արագ են, երբ չկա միջազգային իրավունք և հարգանք դրա նկատմամբ, կան շահեր ու կատաղի պայքար այդ ամենի շուրջ։ Այս պայմաններում բոլոր երկրներից հավելյալ զգոնություն, աշխարհաքաղաքական շրջահայացություն ու զգոնություն է պահանջվում ճիշտ որոշումներ կայացնելու համար»,- ասաց վերլուծաբանը։ Իրանը, նրա խոսքով, չի փոխելու ռեգիոնալ և ՀՀ-ի հետ կապված որևէ մոտեցում, դա հայտարարվել է Գերագույն հոգևոր առաջնորդի կողմից։ «Դրանից առավել կարևոր ուղերձ, ավելի բարձրաստիճան ուղերձ Իրանից այդ մասով չէր կարող լինել՝ անկախ ընտրությունների, ընտրական փուլի և դրա արդյունքների փաստից»,- հստակեցրեց վերլուծաբանը։