«Հետաքրքիր է շատ». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է շատ:
Էրդողանը չեղարկել է իր այցը Շուշի եւ մասնակցությունը Թյուրքալեզու պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ վեհաժողովին, որ կազմակերպում է Ալիեւը օկուպացված Շուշիում:
Էրդողանն այցը չեղարկել է այն բացատրությամբ, որ մեկնում է Գերմանիա, որպեսզի հուլիսի 6-ին անձամբ ներկա լինի Թուրքիա-Նիդերլանդներ քառորդ եզրափակիչ հանդիպմանն ու աջակցի Թուրքիայի հավաքականին:
Իհարկե, հիշում ենք տարիներ առաջ Էրդողանի կոնֆլիկտը Նիդերլանդների հետ, բայց արդյո՞ք ֆուտբոլն ու այդ կոնֆլիկտը այնպիսի տեղում են, որ Էրդողանին «ստիպում» են չեղարկել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական վեհաժողովին մասնակցությունը:
Առավել եւս, որ նույն Էրդողանը ամիսներ առաջ ընդունելով Նիդերլանդների վարչապետ Ռյուտեին՝ հավանության արժանացրեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը:
Դժվար է հավատալ, որ ֆուտբոլը պատճառ է: Մեծ հավանականությամբ ֆուտբոլը առիթ է, իսկ պատճառը քաղաքականությունն է, մասնավորապես, ինչպես վերջին շաբաթներին խոսել եմ պարբերաբար՝ Էրդողանի դժգոհությունը Ալիեւից, Պուտին-Ալիեւ հարաբերությունից ու պայմանավորվածություններից, իսկ դրան էլ ավելացավ թերեւս Չինաստանի հետ ռազմավարական գործակության մասին հռչակագրի ստորագրման հանգամանքը, որ տեղի ունեցավ Աստանայում Ալիեւ-Ցզինպին ֆորմատով:
Վեհաժողովի փոխարեն ֆուտբոլը նախընտրելը Էրդողանի դեմարշն է Ալիեւի հանդեպ»: