Եթե ուզում ենք ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, պետք է դարակից հանենք Սերժ Սարգսյանի Ասոցացման համաձայնագիրը DCFTA-ով. Արման Եղոյան
«Եվրաինտեգրումը սկսվել է շատ փոքր քայլերից, դա նույնիսկ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին չի եղել, այլ ԵԽ-ի»,- այս մասին «ՀՀ-ԱլԳ-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը:
Նա իր խոսքում նախ պարզաբանեց, որ շատերը եվրաինտեգրում և ԵՄ անդամակցություն տերմինները նույնականացնում են, կարծում են, թե դրանք հոմանիշներ են, այնինչ ԵՄ անդամակցումը եվրաինտեգրացիայի փուլերից մեկն է։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն ամենևին նոր չէ սկսել եվրաինտեգրման պրոցեսը։
Եղոյանը հիշեցրեց, որ ԱԺ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը սկսել է իր գործունեությունը 2007 թվականին, երբ դեռ CEPA-ն չկար, ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ չկային, բայց եվրաինտեգրման պրոցեսը սկսվել էր՝ քաղաքական երկխոսություն, հանրային կառավարման որակի բարելավում, նորմերի ու ստանդարտների համապատասխանեցում, ինչը խորացավ CEPA-ի համաձայնագիրը կնքելով։
Նրա խոսքով՝ եվրաինտեգրումը պրոցես է, ոչ թե մրցավազք:
«Այսօր ԵՄ անդամ երկրներն էլ են եվրաինտեգրվում, եկեք եվրաինտեգրում բառը չօգտագործենք հայեցողաբար: Եթե խոսում ենք անդամակցությունից, ուրեմն խոսում ենք դրանից՝ երբ ենք հայտը ներկայացնում, ինչ ենք ակնկալում և ինչ պետք է ստանանք, խոսենք այդ տերմիններով, որ մարդիկ շփոթության մեջ չընկնեն:
Ուզո՞ւմ ենք հետ բերել Ասոցացման համաձայնագիրը, որը չստորագրեց Սերժ Սարգսյանը: Եթե ուզում ենք ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, սկզբից պետք է դարակից հանենք Սերժ Սարգսյանի Ասոցացման համաձայնագիրը DCFTA-ով՝ ԽՀԱԱԳ պայմանագրով, դրա համար պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից կամ գոնե ասենք, որ պատրաստվում ենք դուրս գալ»,- հստակեցրեց Եղոյանը: