Այս տարի նույնպես «Մաթեմատիկա» առարկայից 20 միավոր ստացած դիմորդների թիվն ավելի շատ է, քան «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։
Հունիսի 21-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Արդեն կատարվել է միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4418 դիմորդ, քննությանը մասնակցել է 4210-ը, միջին միավորը եղել է 12․9-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 661 հոգի կամ մասնակիցների 15,7 տոկոսը։
18-20 միավոր հավաքել է 506 հոգի կամ մասնակիցների 12 տոկոսը։
Այդ թվում՝ 18-18․75 միավոր հավաքել է 257 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 235, և 20 միավոր՝ 14 դիմորդ։
Երբ համեմատում ենք 2023 և 2024թթ․ արդյունքները, ապա 2023թ․ առաջին փուլին մասնակցել է՝ 1968, իսկ երկրորդ փուլին՝ 4193 դիմորդ։
Իսկ, ահա 2024թ․ առաջին փուլին մասնակցել է՝ 3211, երկրորդ փուլին՝ 4210 դիմորդ։
7,5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 458, երկրորդում՝ 621 դիմորդ։ 2024թ․ առաջին և երկրորդ փուլերում 7,5-ից ցածր միավոր հավաքել է 589 և 661 դիմորդ։
Ինչ վերաբերում է 18-20 միավոր հավաքելուն, ապա 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 108, երկրորդ փուլում՝ 528 դիմորդ։ 2024թ․ գրեթե նույն արդյունքն է գրանցվել։ Առաջին փուլում 18-20 միավոր հավաքել է՝ 183, իսկ երկրորդ փուլում՝ 506 դիմորդ։
Հայտնի է նաև «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը։ Քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4972 դիմորդ, մասնակցել է 4766-ը։
Միջին միավորը եղել է 11․14-ը, դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդների թիվը 863 է, իսկ 18-20 միավոր հավաքել է 364 հոգի։ Այդ թվում՝ 18-18․75 միավոր հավաքել է 182 դիմորդ, 19-19․75 միավոր՝ 143, և 20 միավոր՝ 38 դիմորդ։
Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա 2023թ․ «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5018 հոգի, քննությանը մասնակցել է 4847-ը, միջին միավորը եղել է 11.43-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 874-ը կամ մասնակիցների 18 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 478 դիմորդ կամ մասնակիցների 9.9 տոկոսը:
Այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է՝ 235, 19-19.75 միավոր՝ 192, և 20 միավոր՝ 51 դիմորդ:
Ստացվում է՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի «Մաթեմատիկա» առարկայից 20 միավոր ստացած դիմորդների թիվն ավելի շատ է, քան «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։