Դատախազ Հայկ Ավետյանն ուզում էր «թռնել». Չստացվեց
«Իմնեմնիմիի», «Չաուշեսկուի», «Ավտոբուսի», Հրանտ Բագրատյանի, Էդգար Ղազարյանի, Դավիթ Համբարձումյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործերով քաղաքականացված, ՔՊ-ի աջակից հանրային մեղադրող Հայկ Ավետյանը, փաստորեն, ուզում էր դառնալ դատավոր:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով պնդում էր, որ Գլխավոր դատախազությունը ապաքաղաքական կառույց է, չի տեսնում, որ իր ենթակա դատախազները անթաքույց խիստ քաղաքականացված են, կամ եթե բացահայտ աջակցում են ՔՊ-ին՝ ընդդեմ քաղաքական հակառակորդների, խնդիր չէ:
Հայկ Ավետյանը, փաստորեն, այնքան ազատ ժամանակ ուներ, որ հետևում էր տարատեսակ ֆեյսբուքյան էջերի ֆեյք տեսանյութերին ու վերաբերմունք արտահայտում:

Բայց, փաստորեն, «չքաղաքականացված» կառույցի քաղաքականացված դատախազը, որի փխրուն ուսերին դրված էր քաղաքական դատավարությունների ճնշող մեծամասնության ժամանակ հանրային մեղադրող դառնալու բեռը, որոշել էր թռնել Դատախազությունից և դիմել էր Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար:
Գերխելացի, անփոխարինելի դատախազը, սակայն, չի հաղթահարել որակավորման քննությունը՝ հավաքելով ընդամենը 59.5 միավոր անցողիկ 80 միավորից: Այդ մասին 168.am-ը տեղեկացավ Դատական իշխանության պաշտոնական կայքից:


Հանուն արդարության պետք է ասել, որ դատավորի 32 հավակնորդներից ոչ ոք չի հավաքել անցողիկ 80 միավորը:
Բայց դա չէ կարևորը. Մարդ է և կարող է ուզենալ համակարգ փոխել: Կարևորն ու ուշագրավն այն է, որ Աննա Վարդապետյանը փաստորեն այդ աստիճանի վստահել է մեկին, ում ուշքնումիտքը համակարգը լքելն է եղել:
Առավել կարևոր է այն, որ մեղադրողի հոգեբանությամբ ու քաղաքական հստակ ու բացահայտ կողմնորոշմամբ անձը դատավոր չի դառնա ու մարդկանց ճակատագրեր չի խեղի:
Հետաքրքիր է, որ դատավոր դառնալ էր ուզում նաև արդարադատության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը, ով ժամանակին՝ որպես նախարարի լիազորված անձ, կարգապահական վարույթներ էր բերում Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ ընդդեմ դատավորների, ու պաշտպանում դրանք:

Հիմա ուզում էր դատավոր դառնալ, բայց, ավա՜ղ, չստացվեց:

