Բաժիններ՝

Ովքե՞ր էին Երևանում հանցագործություն անող խմբերով երեխաները, որոնք ստացան «խուժան» անունը

1915 թվականի ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստանը լցվեց Արևմտյան Հայաստանից եկած գաղթականներով: Բոլոր մեծ ու փոքր քաղաքները, գյուղերն ու փոքր բնակավայրերն իրենց հարկի տակ ընդունեցին գաղթականներին: Ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստան եկած գաղթականների խնդրին գումարվեց նաև սովը, համաճարակները, 1918-1920 թվականների մի շարք պատերազմներն ու արդյունքում՝ Արևելյան Հայաստանում սոցիալ-տնտեսական առումով ստեղծվեց քաոսային վիճակ:

Այդ համատեքստում բարդ էր հատկապես իրավիճակը Երևանում: Երևանի սոցիալական ծանր վիճակը սկսվել էր դեռևս 1900-ականների սկզբներից, որին գումարվել էին վերևում թվարկված իրադարձությունների բերած խնդիրները:

Մայրաքաղաքում էր կենտրոնացած բնակչության ու տարբեր տարիների գաղթականների մեծ մասը: 20-րդ դարասկզբին Երևանի ծանր սոցիալական վիճակի, սովի ու համաճարակների մասին տեղեկություններ տրամադրում էր ժամանակի մամուլը: Մասնավորապես «Առողջապահիկ» ամսագիրը հստակ տվյալներ էր նշում դարասկզբին Երևանում տարածված համաճարակների, դրանցով հիվանդների ու մահացության թվերի մասին.

«1906 թվականին Երևանի նահանգում քութեշով հիվանդացել է 644 հոգի, իսկ մեռել 232-ը, այսինքն հիվանդներից 1/3-ից ավելին։ Դիֆտերիայով հիվանդացել է 506 հոգի և մեռել 158, այսինքն հիվանդացողներից մեկ քառորդից ավելին մեռել է։ 1907 թվին նահանգում առատ հունձ էր անում քութեշը․ այդ տարում նահանգում քութեշով հիվանդացել է 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել է։ 1908 թվին քութեշով հիվանդացել է 900 հոգի և մեռել 252։ 1909 թվին քութեշից մեռնողների թիվը ավելի է բարձրանում․ 549 հիվանդից մեռել է 192, այսինքն 30 տոկոսը»։ («Առողջապահիկ» ամսագիր։ Երևան, 1920 թվական, մարտ)։

Ցեղասպանությունից հետո Երևանում հաստատված գաղթականներն ու որբերը նոր իրողություն բերեցին իրենց հետ մայրաքաղաք: Նոր իրողություններից մեկն էլ Երևանում թափառող որբերն էին, ովքեր իրենց հետ նոր կարգեր և բարքեր ստեղծեցին քաղաքում:

1926 թվականին Երևանում տպագրվում է «Անապաստան երեխա» թերթը: Դա իր հերթին՝ փաստում էր, որ խնդիրը, իրոք, առկա է Երևանում, և այն լուծելու համար մշակվում են ծրագրեր: Հատկանշական է, որ թերթում ներկայացվում էին Հայաստանում և հատկապես Երևանում որբ ու թափառական երեխաների մասին տեղեկություններ, նրանց սոցիալական ծանր պայմանները, նրանց կողմից ստեղծված վատ բարքերը:

Խնդրին անդրադառնում էին այնպիսի հայտնի արվեստագետներ, մշակութային գործիչներ, ինչպիսիք էին Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլք: Մասնավորապես պարբերականում տպագրված Ալեքսանդր Սպենդիարյանի հոդվածից ենք տեղեկանում, որ որբ ու թափառական երեխաներին Երևանում սկսեցին անվանել «խուժան».

«Ամեն նորեկ Երևանում կնկատի ցնցոտիների մեջ, կեղտոտ, ուսերին գցած մեշոկ, անապաստան երեխաներ թափառելիս փողոցներում։ Անապաստան երեխաներին ժողովուրդը կնքել է խուժան անունով և արհամարհանքով է վերաբերվում դեպի նրանց։ Պետք է նկատել, երբ դիտում ենք և զրուցում նրանց հետ, մեր այս խուժան երեխաները վերին աստիճանի մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանք փողոցի բացասական կողմերի հետ միասին ունեն մի շարք գնահատելի գծեր՝ ինքնուրույնություն, վստահություն, վերին աստիճանի ճարպիկ ու հնարագետ են, ընկերասեր, ուժեղ, հաստատակամ բնազդով»։ (Ալեքսանդր Սպենդիարյան, «Անապաստան երեխա», Երևան, 1926):

Հարկ է նշել, որ Սպենդիարյանը և մյուսները խնդրին անդրադառնում էին ո՛չ թե բացասական երանգով, այլ սրտի ցավով և կսկիծով, որ նմանատիպ երևույթ կա, որն առաջացել է թշնամու ձեռքով, և Խորհրդային Հայաստանն ու իշխանությունները պետք է օր առաջ լուծեն այս հարցն ու այդ երեխաները ստանան տան, ապրելու, կրթվելու իրավունք: Սպենդիարյանն իր հոդվածում շարունակում է գրել նաև այն մասին, թե սովից ու գոյության պայքարով պայմանավորված ինչե՞ր են անում որբ երեխաները.

«Երեխաները, միամտաբար իրանք էլ իրանց խուժան են անվանում և խոստովանվում, որ ապրում են խուժանությամբ, այսինքն՝ թալանով ու գողությամբ: Նրանք հարձակվում են խմբով մասնավոր ապրանքների վրա, բայց պատմում են, որ ձեռք չեն տալիս Հայկոոպի, բանկոոպի և այլ հասարակական հիմնարկների սայլերին, այլ ընդհակառակը կազմակերպված ուժերով պաշտպանում են այդ հիմնարկների գույքը փողոցում:

Նրանց չպետք է նայել արհամարհանքով, այլ պետք  է ազատել փողոցից և դնել նպաստավոր պայմանների մեջ: Տվեք նրանց արհեստ, աշխատանք, գեղարվեստ, գիտություն, կրթություն և նրանք միանգամայն  կփոխվեն: Դուրս կգան նրանցից ապագայում պիտանի քաղաքացիներ: Խորհրդային իշխանությունն իր կողմից անում է ամեն ինչ, որպեսզի բարվոքի այս երեխաների վիճակը»: (Նույն տեղում):

Համարում, երեխաների մասին հոդվածներից զատ, ներկայացվում էին նաև բացառիկ լուսանկարներ, հուշեր, որոնցում թափառական երեխաներն են իրենց խմբերով, ովքեր ապրում էին քարայրում կամ լքված ինչ-որ կառույցում:

Տեքստերից զատ, լուսանկարներն ամենախոսուն փաստերն են այդ երևույթի, ինչի մասին բարձրաձայնում էր թերթը:

Առաջիկայում կներկայացնենք նաև Մարտիրոս Սարյանի բացառիկ հոդվածը ևս, որում մեծ նկարիչը խոսում է Երևանի որբ երեխաների ծանր պայմանների ու գոյության պայքարով պայմանավորված, հարկադրաբար կատարած հանցագործությունների մասին:

Զ. Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս