Բաժիններ՝

ԵՄ ղեկավարները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ. Հունգարիան հրաժարվել է միանալ դրան

Եվրոպական միության երկրների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին վերջ դնելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ»։ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Արդար և երկարատև խաղաղությունը, որը կայունություն և անվտանգություն է բերում, պետք է հարգի միջազգային իրավունքը, ներառյալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, իսկ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով», – նշված է հայտարարության մեջ։

Նրանք շեշտել են, որ ուկրաինացիները պետք է իրենք որոշեն իրենց ապագան, և որ Ուկրաինայի ուղին դեպի խաղաղություն «չի կարող որոշվել առանց Ուկրաինայի»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում ՌԴ ծավալած պատերազմն ավելի լայն հետևանքներ ունի եվրոպական և միջազգային անվտանգության համար։

«Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը», – նշված է հայտարարության մեջ։

ԵՄ երկրների ղեկավարները նշել են նաև, որ ԱՄՆ-ի և գործընկերների հետ միասին կշարունակեն աջակցությունը Կիևին, ինչպես նաև կշարունակեն պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ։

«Եվրոպական միությունն ընդգծում է Ուկրաինայի անքակտելի իրավունքն՝ ընտրելու սեփական ճակատագիրը, և կշարունակի աջակցել Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին», – եզրափակել են ԵՄ ղեկավարները։

Կից ծանոթագրության մեջ նշվում է, որ Հունգարիան չի միացել այս հայտարարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս