
Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։
Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 11-ին պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով որպես հետադարձ պահանջ, 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից»,- փոխանցեցին ՀՀ դատախազությունից:
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածներին աջակցություն տրամադրելու որոշում ՀՀ կառավարությունն ընդունել էր 2019 թվականի սեպտեմբերին։ Մինչ այդ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել էր ՀՀ ԱԺ-ի կողմից։
ՀՀ երկրորդ նախագահն ու նշված մյուս անձինք անցնում են Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով։