Ֆրանսիական զենքի ռազմական լույսն ու քաղաքական ստվերը
Հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր, որով, ի թիվս այլ զինատեսակների, Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «CAESAR» ժամանակակից ինքնագնաց հաուբից համակարգեր։
Այս տեղեկությունը, բնականաբար, րոպեներ անց հայտնվեց իշխանական քարոզչության գլխագրերում, երկու օր շարունակ այն ներկայացվեց՝ որպես իշխանությունների աննախադեպ հաջողություն, և այլն։ Միևնույն ժամանակ նույն իշխանական քարոզչությունը շտապեց թիրախավորել բոլոր նրանց, ովքեր համարձակվեցին չկիսել բթամտության հասնող այդ հրճվանքը՝ կասկած հայտնելով, որ այդ սպառազինությունը կարող է նպաստել Հայաստանի ներկայիս իրավիճակի փոփոխությանը։
Խնդիրն իրականում բուն հայ-ֆրանսիական գործարքը չէ, ոչ էլ դրա շրջանակներում մեր երկրին մատակարարվելիք սպառազինությունների՝ իրապես բարձր որակը։ Բնականաբար, Հայաստանի զինված ուժերի սպառազինությունները համալրող ու բանակի կարողականությունն անգամ աննշան չափով ավելացնող ցանկացած գործարք չի կարող ողջունելի չլինել անգամ ամենաարմատական ընդդիմադիր հայացքներ ունեցողների շրջանում։ Հակառակն իսկապես արժանի է ամենածանր մեղադրանքների։
Մյուս կողմից, սակայն, խնդիրը տվյալ դեպքում ոչ միայն, իսկ իրականում՝ ոչ այնքան զինված ուժերն են, դրա համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, այլ քաղաքական իշխանության կողմից վարվող ընդհանուր քաղաքականությունը, որն արդեն կասկածներ է հարուցում ոչ թե այս կամ այն զինատեսակի որակի, այն կիրառելու կարողության, այլ այն հարցում, թե որքանո՞վ այս իշխանությունը դա օգտագործելու քաղաքական կամք կունենա։ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը Հայաստանը դարձրել է նվաստացած, թշնամիներից խաղաղություն մուրացող պետություն, որը հանուն «խաղաղության»՝ պատրաստ է կատարելու թշնամական բոլոր պահանջները, որը ժամերի ընթացքում վերադարձնում է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն և դատում է նույն սահմանին ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար կրակ բացած սահմանապահին։
Այսինքն՝ Փաշինյանը վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը ոչ թե դրա ճկունության, նախաձեռնողականության, ադապտիվության շնորհիվ նվազագույնի է հասցնում բանակի ներգրավումը պետական խնդիրների լուծմանը, այլ իրականացնում է դիվանագիտության անվան տակ քողարկված այնպիսի հանձնողականություն, որն անիմաստ է դարձնում զինված ուժերի մասնակցությունը։
Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններով հանձնում է այն, ինչը պաշտպանելուն կոչված է բանակը, և որի համար գերկարևոր է զինված ուժերի համալրումն արդիական սպառազինությամբ։ Հենց այդ տեսանկյունից է, որ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության սպառազինության ձեռքբերումը՝ նոմինալ առումով գերկարևոր համարվելով, իրականում չունի ֆունկցիոնալ նշանակություն հենց իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Իսկ դրան զուգահեռ՝ արդեն գաղափարական հարթությունում նույն Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր միջոցներով ստորադասում է բանակը, զինված ուժերը, զինծառայողներին՝ հերոս հռչակելով հարկատուին, դիֆերամբներ ձոնելով պարեկին ու կարմիր բերետավորին, վերջիններին վճարելով ավելին, քան զինծառայողին, և այդպես շարունակ։
Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է ժամանակակից սպառազինություն և չափազանց դրական է դրա ձեռքբերման ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ։ Սակայն դրանից առաջ ու դրանից ավելի Հայաստանը պետք է ունենա իշխանություն, որը որևէ սերնդի սպառազինությամբ պաշտպանության ենթակա պետական շահերն ու տարածքները մանրադրամ չի դարձնի աշխարհաքաղաքական առևտրում և զենքը կօգտագործի ոչ թե սեփական անձի, իշխանություն պահելու քարոզչության, այլ անհրաժեշտության դեպքում՝ դրա իրական նպատակներով։
Հարություն Ավետիսյան