Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են գիշերը մեկը մյուսի տարածքին հասցրած հարվածների մասին, որոնց հետևանքով տուժել են տարբեր ենթակառուցվածքներ, 1 մարդ զոհվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի մի շարք շրջաններում ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Հարձակման են ենթարկվել Ադիգեայի, Կրասնոդարի, Բրյանսկի, Բելգորոդի, Ռոստովի և Օռլովի շրջանները։
ՌԴ Տամբովի մարզի ղեկավարը հայտնել է, որ Պլատոնովի նավթաբազայում պայթյուն է լսվել և նավթամբար այրվել, ինչը տեղի է ունեցել «ենթադրաբար, ԱԹՍ-ի պատճառով»։
Ըստ ռուսական աղբյուրների՝ ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարված են հասցրել նաև Կրասնոդարի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանին և նավթաբազային։ Ռուսական Telegram ալիքներում հրապարակվել են հրդեհի կադրեր։
Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ն ընկել է տան վրա, զոհվել է 1 մարդ։
Իսկ ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնել են երկրի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշանների մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ռուսական բանակի կողմից արձակված 9 հրթիռներից 5-ը և բոլոր 27 ԱԹՍ-ները խոցելու մասին։ Ուկրաինական «ԴՏԵԿ» էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ ռուսական ուժերի հարվածներից վնասվել է իրեն պատկանող ևս մեկ ջերմաէլեկտրակայան, որը լրջորեն վնասվել է։
«Ուկրէներգո» ընկերությունը տեղեկացրել է, որ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ 4 մարզերում։
Դնեպրի իշխանությունները հայտնել են, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի պայթյունի մասին։ ՀՕՊ համակարգերն աշխատել են Կիևում, ուր հասել են ռուսական ԱԹՍ-ները։ Օդեսայում տագնապի ազդանշաններ են հնչել բալիստիկ հրթիռների հարվածի վտանգի պատճառով։