Խիստ կարևոր է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ․

«Հունիսի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը։

Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարևորագույն ուղղություններից է, որն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։ Այս համատեքստում խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ է ներգրավված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության աշխատանքներում և վերաբերելի խնդիրները անընդհատ է բարձրաձայնում ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում։

Խոր ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվն ահագնացող չափերի է հասնում։ Ավելին, 2023 թվականին ադրբեջանական գործողությունների հետևանքով վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը։

Վերը շարադրվածը նկատի ունենալով` օրախնդիր է նշված բնագավառում իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:

Պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որպեսզի բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների համար լիարժեքորեն երաշխավորվեն իրենց կարգավիճակից բխող բոլոր իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս