Սյունիքով միջանցքը կբացեն՝ վերահսկողությունը տալով միջազգային կազմակերպության. Սերգեյ Մելքոնյան
Վերջին տասն օրվա ընթացքում ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան. նախ երեք օրով Հայաստանում էր գտնվում ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, որպեսզի իրականություն դառնա մի քանի սերունդը մեկ բացված բացառիկ հնարավորությունը՝ Թուրքիան և Ադրբեջանն իրար կապվեն այլընտրանքային ցամաքային ճանապարհով։
Օ՛Բրայենի հեռանալուց հետո Հայաստան եկավ ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմանը. որը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերն ու Խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ տարվող ջանքերը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, խոսելով վերջին շրջանում ամերիկյան կողմի ակտիվության մասին՝ նախ շեշտեց՝ ԱՄՆ-ի ռազմավարությունից է բխում Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ իրենք դա կարող են անել, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի որևէ փաստաթուղթ, ինչը նաև կբերի նրան, որ Թուրքիան իր հերթին՝ կբացի սահմանը Հայաստանի հետ, ինչին էլ կհաջորդի ռուսական ներկայության նվազումը նաև հայ-թուրքական սահմանին։
«ԱՄՆ-ը այդ պայմանագրին հասնելու համար կարող է մի կողմից լծակներ կիրառել Ադրբեջանի վրա, բայց նաև Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանն ավելի շատ միակողմանի զիջումներ անի Ադրբեջանին։ Ադրբեջանի պահանջներն են, այսպես կոչված, անկլավները, Արևմտյան Ադրբեջանը, Զանգեզուրի միջանցքը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, Մինսկի խմբի լուծարումը։ Բոլորը հասկանում են, որ մինչև տարեվերջ Հայաստանի Սահմանադրությունը հնարավոր չէ փոխել, հետևաբար, որպեսզի այս բոլոր պահանջները հերթով կատարվեն, ՀՀ Կառավարության ղեղավարը պետք է ունենա ժամանակ և լեգիտիմության որոշակի չափաբաժին, իսկ Տիգրանաշենի հանձնումից հետո Փաշինյանի լեգիտիմությունն ունեցած 15 տոկոսից էլ ավելի կնվազի, դրա համար էլ Արևմուտքը շտապում է»,- ասաց Մելքոնյանը։
Պատմական գիտությունների թեկնածուի խոսքով՝ Ադրբեջանն իր հերթին՝ ստեղծում է մի իրավիճակ, որպեսզի Հայաստանը հայտարարի, որ ադրբեջանական պահանջները կկատարի, հակառակ դեպքում կլինի պատերազմ, և ամեն պահանջի կատարումը հայ ժողովրդի համար այլ փաթեթավորմամբ կներկայացնի։
«Հայաստանը կենթարկվի ամբողջական կապիտուլյացիայի։ Հայաստանի իշխանությունը, օրինակ, քննարկում է Սյունիքով միջանցքի վերահսկողությունը տալ որևէ միջազգային կազմակերպության, որը գրանցում կունենա, օրինակ, Հայաստանում։ Այս քայլն իրենք կփաթեթավորեն հետևյալ կերպ՝ միջանցք չտվեցինք՝ միջանցքում ոչ թե Արևմուտքն է կանգնած, այլ միջազգային կազմակերպություն, մինչդեռ դա ընդամենը կլինի փաթեթավորում՝ ներքին սպառման համար»,- ասաց Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում