Սեուլում հայտարարել են, որ հյուսիսկորեացի զինվորները պայթել են սահմանն ականապատելիս
ԿԺԴՀ-ի մի քանի զինծառայողներ տուժել կամ զոհվել են Կորեայի Հանրապետության հետ սահմանին ապառազմականացված գոտում աշխատանքների ժամանակ ականների պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին։
Հյուսիսային Կորեայի զինվորականներն ապառազմականացված գոտում աշխատանքներ են իրականացնում 2023 թ․ նոյեմբերից, երբ Փհենյանը կասեցրեց Սեուլի հետ 2018 թ․ համաձայնագիրը, որով դադարեցվել էին ապառազմականացված գոտու շուրջ բոլոր թշնամական գործողությունները։
Ըստ Սեուլի՝ Հյուսիսային Կորեան շարունակել է աշխատանքները՝ չնայած բազմաթիվ զոհերին և վիրավորներին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Սեուլում նշում են, որ Կորեայի ժողովրդական բանակն ապրիլից ամրացնում է սահմանը, այդ թվում` հակատանկային պատնեշների նման կոնստրուկցիաներ է կառուցում, ականներ տեղադրում և ճանապարհներ կառուցում։
Միջկորեական սահմանին ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ Yonhap գործակալության՝ երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հյուսիսկորեացի զինվորները հատել են սահմանը, սակայն նախազգուշական կրակոցներից հետո հետ են քաշվել։