Ստոլտենբերգը կարծում է, որ Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի ՌԴ-ին աջակցելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել Չինաստանի վրա տնտեսական ճնշման հնարավորությունը, եթե նա շարունակի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում:
«Ինչ-որ փուլում մենք ստիպված կլինենք ինչ-ինչ տնտեսական հետևանքներ դիտարկել, եթե Չինաստանը չփոխի իր գործելակերպը», – ասել է Ստոլտենբերգը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ տված հարցազրույցում։
Ըստ Ստոլտենբերգի՝ Պեկինը փորձում է «երկակի խաղ խաղալ»՝ աջակցելով Ռուսաստանին ռազմական գործողություններում, միևնույն ժամանակ փորձելով պահպանել հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ։
Նա նշել է, որ «խոսակցություններ կան» ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից հնարավոր պատժամիջոցների մասին։
Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվային չի վաճառում մահաբեր զենքեր և այնպիսի տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, որոնք կիրառելի են ռազմական ոլորտում։