Իտալիայի ափերին երկու նավաբեկության հետևանքով 11 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ անհետ կորել
Իտալիայի հարավային ափերի մոտ երկու նավաբեկության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 60 մարդ անհետ կորել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Գերմանական բարեգործական RESQSHIP նավը հայտնել է, որ հունիսի 17-ին Լամպեդուզա կղզու մոտ 51 մարդու փրկել է խորտակվող փայտե նավակից և 10 մարմին գտել է նավի ստորին տախտակամածին։
Նույն օրը մեկ այլ նավաբեկության հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել, որոնցից 26-ը երեխաներ են, հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Երկու նավերում էլ եղել են միգրանտներ, որոնք դուրս են եկել Լիբիայից և Թուրքիայից։ Լամպեդուզայի մոտ խորտակված նավի ողջ մնացած ուղևորներին հանձնել են Իտալիայի առափնյա պահպանության ծառայությանը։ Լիբիայից դուրս եկած նավում գտնվում էին Սիրիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Բանգլադեշի քաղաքացիներ։
Կալաբրիայի ափից 200 կմ հեռավորության վրա հայտնաբերված մյուս խորտակված նավից փրկված 12 հոգուց 1-ը մահացել է ափ իջնելուց հետո։ Ողջ մնացած ուղևորներից մեկը հայտնել է, որ 66 մարդ անհետ կորել է։ Այս նավը, որում գտնվում էին միգրանտներ Աֆղանստանից, դուրս էր եկել Թուրքիայից 8 օր առաջ։
Միջերկրական ծովն աշխարհում միգրացիայի ամենավտանգավոր ուղիներից մեկն է։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2014 թվականից ի վեր նրա ջրերում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 23 500 միգրանտ։