Եվրո-2024. Գերմանիան բացման խաղում հաղթեց Շոտլանդիային
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Գերմանիայի ազգային ընտրանին «Մյունխեն Արենա»-ում հյուրընկալեց Շոտլանդիային:
Մեկնարկային րոպեներին թիմերն ուժային և դիրքային պայքար էին մղում: Բայց Գերմանիան առաջինն իրացրեց իր պահը: 10-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով` Եվրոպայի առաջնության առաջին գոլը խփեց Ֆլորիան Վիրցը: Գոլից հետո էլ գերմանացիները շարունակ տիրում էին գնդակին: Եվ ընդամենը 9 րոպե անց`19-րդ րոպեին, երկրորդ գնդակն ուղարկեցին Շոտլանդիայի դարպասը: Բազմաքայլ գրոհը եզրափակեց Զամալ Մուսիալան: Խաղակեսի վերջում Շոտլանդիան մնաց 10 ֆուտբոլիստով: Սեփական տուգանային հրապարակում խաղի կանոները խախտեց Ռայան Պորտեուսը և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կայ Հավերցը: Երկրորդ կեսում գերմանացիները նախաձեռնությունն իրենց ձեռքն էին վերցրել: Գերմանիան կարողացավ նաև 4-րդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Փոխարինման դուրս եկած Նիկոլաս Ֆուլկրուգը` դիպուկ հարվածով գրավեց Շոտլանդիայի դարպասը: Շոտլանդիային հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: Ինքնագոլի հեղինակ դարձավ Ռուդիգերը: Բայց այս խաղում վերջին գոլը խփեց Գերմանիան: Աչքի ընկավ Էմրե Զանը:
Գերմանիա-Շոտլանդիա` 5:1:
Գերմանիայի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հունիսի 19-ին` մրցելով Հունգարիայի հետ: Նույն օրը Շոտլանդիան կխաղա Շվեյցարիայի դեմ: