Լիտվայի խորհրդարանը հաստատել է պարտադիր զինվորական ծառայության մասին օրինագիծը
Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել «Զինվորական ծառայության մասին» օրենքի նոր տարբերակին, որի համաձայն՝ 2026 թվականից դպրոցների բոլոր շրջանավարտները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն 9 ամիս ժամկետով։
Այս մասին ասվում է Լիտվայի խորհրդարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։
«Օրենքում ամրագրված է դրույթ, համաձայն որի՝ զինվորական ծառայության զորակոչ իրականացնող ազգային պաշտպանության համակարգի հիմնարկները պետք է կազմակերպեն 17 տարին լրացած անձանց բժշկական զննում, որոնք 18 տարին լրանալուն պես պարտավոր կլինեն զինվորական ծառայություն անցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականին, իսկ 2025 թվականին 17 տարեկան երիտասարդները պետք է սկսեն բուժզննում անցնել։ 18-ից 22 տարեկան երիտասարդները կարող են զորակոչվել, տարկետում հնարավոր է, եթե զորակոչիկը նախկինում ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ծառայությունը կտևի 9 ամիս, որոշ դեպքերում այն կարող է կրճատվել մինչև վեց ամիս։
Հաղորդվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 85, դեմ՝ երեք, ձեռնպահ՝ 14 պատգամավոր։