ԱՄՆ Պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման կայցելի Հայաստան
Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։
Այս մասին նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությոնը հաղորդում է, որ Վերման կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին։»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պետքարտուղարի առաջին տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, որը ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։
Բացի այդ, պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։