Հինգ հարց՝ Վճռաբեկի ապագա դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, կամ ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը գերադասեց իր փոխարեն ԲԴԽ տանել Արմեն Դանիելյանին. 168.am-ի՝ մեկ տարվա վաղեմության հրապարակման արձագանքները
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հերթական անգամ Ազգային ժողովում (ԱԺ) էր, ուր տեղի էր ունենում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը:
Ռուբիկ Մխիթարյանի այս անգամվա երթն ԱԺ, ի տարբերություն նախորդ անգամների, երբ ամեն անգամ նրան բերում-հասցնում էին ԱԺ ամբիոնի մոտ՝ խոստանալով առաջխաղացում վերադաս դատական ատյանում, բայց ամեն անգամ «գցում էին», չէին ընտրում, կպսակվի հաջողությամբ: Ռուբիկ Մխիթարյանը վերջապես կազատվի Վերաքննիչ քրեական դատարանում տառապալից օրեր մթնեցնելու անտանելի տանջանքից… Բայց այս մասին՝ քիչ անց…
Այսօր ԱԺ ամբիոնի մոտ 168.am-ի մի հրապարակման վերաբերյալ նրան հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Խոսքը մեկ տարի առաջ «Ինչո՞ւ է դատավոր Ռուբիկ Մխիթարյանն արժանացել Կարեն Անդրեասյանի բարեհաճությանը» վերտառությամբ հոդվածի մասին է, որում տվել էինք վերը նշված հարցի պատասխանը:
Սոնա Ղազարյանին հատկապես հետաքրքրել էր մեր հիշեցումը Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահի ընտրության մասին, որը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կազմակերպել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, և որի հաջողության դեպքում Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահը հենց Ռուբիկ Մխիթարյանն էլ պետք է լիներ:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ Կարեն Անդրեասյանը երեկոյան ԲԴԽ է հրավիրել Վերաքննիչի դատավորներին՝ բացառությամբ 7 դատավորի (Վազգեն Ռշտունի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյան, Ռոբերտ Պապոյան, Արշակ Վարդանյան, Կարեն Մարդանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արմեն Բեքթաշյան), և մնացած 18 դատավորներին առաջարկել Վերաքննիչի ստվերային նախագահ ընտրել գործող նախագահ Մխիթար Պապոյանի փոխարեն: Նրանց բաժանել է քվեաթերթիկներ, առաջարկել գրել անուն, սակայն, ի դժբախտություն Կարեն Անդրեասյանի, դատավորները մեկը մյուսի հետևից ոչ միայն հրաժարվել են կատարել Կարեն Անդրեասյանի պահանջը, այլև ԲԴԽ նախագահի երեսին ուղիղ ասել են՝ ինչ են մտածում իրավիճակի ու Անդրեասյանի առաջարկի մասին։ Մանրամասները հրապարակված են, չծանրացնենք:
Այսօր սակայն այդ հարցը լսելով՝ Ռուբիկ Մխիթարյանն ակնհայտորեն խառնվեց իրար, խոսքը դարձավ ոչ սահուն. Երևի ՔՊ-ականից նման հարված չէր սպասում:
«Ասեմ, որ ես ընդհանրապես հերյուրանքներն ու բամբասանքները մեկնաբանելու սովորություն չունեմ: Դա չեմ անի այս բարձր ամբիոնից, կգտնեմ, որ ես ինքս այդ բարձր ամբիոնի դերն ու նշանակությունը նսեմացնում եմ: Կասեմ, որ այդ հարցադրումները կամ այդպիսի հերյուրանքներ տարածողներն ու հրապարակայնացնողները կարող են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը կարդալ և տեսնել դատարանի նախագահի նշանակման կարգը, գործառույթները և ընդհանրապես ի՞նչ նպատակ դա պետք է հետապնդեր»,- ասաց Ռուբիկ Մխիթարյանը:
Ռուբիկ Մխիթարյանին առաջարկում ենք կարդալ իր իսկ վկայակոչած օրենքը. Միգուցե հասկանա, որ չի կարելի գնալ, ճղած թերթիկի վրա գրել սեփական անունն ու «ընտրվել» դատարանի նախագահ, որ դուր գաս Կարեն Անդրեասյանին: Հետո առաջարկում ենք դիմել Գլխավոր դատախազություն, հարցնել՝ ինչ տեսավ այդ հրապարակման մեջ դատախազը, որ այն ուղարկեց ԱԱԾ՝ ուսումնասիրության: Հետո առաջարկում ենք կարդալ Factor.am-ի հրապարակումը չստացված «սխոդկայի» մասնակիցների հետ հարցուպատասխանով:
Իսկ ամենավերջում ամեն դեպքում առաջարկում ենք նաև ծանոթանալ կամ վերհիշել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)՝ իր վերաբերյալ տրված եզրակացությանը: Մենք էլ հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ ԿԿՀ-ն Ռուբիկ Մխիթարյանին ընտրողներին համենայն դեպս տեղեկացրել էր, որ կա կարծիք, որ թեկնածուն հրահանգ կատարող է, հատկապես, երբ որոշումը պետք է բացասական հետևանք առաջացնի ընդդիմադիր կողմի համար: Ասել է թե՝ չի բացառվում, որ Ռուբիկ Մխիթարյանը կարող է ենթարկվել քաղաքական ճնշումների կամ այլ ազդեցությունների:
Վերադառնանք Վճռաբեկի ապագա դատավորի տվայտանքներին….
Օրեր անց Ռուբիկ Մխիթարյանը կնստի Վճռաբեկ դատարանի դատավորի աթոռին: Բայց մինչ այդ թող անկեղծ լինի իր նոր գործընկերների ու իրեն ընտրող ՔՊ-ական պատգամավորների հետ ու պատասխանի հետևյալ հարցերին՝
1. Ինչո՞ւ են Վերաքննիչ քրեական դատարանի անգամ կին դատավորները հրաժարվում աշխատել իր հետ:
2. Ինչո՞ւ ինքը չի կարողանում դուրս գալ իր կաբինետից:
3. Ինչո՞ւ անգամ միջանցքում իրեն ոչ ոք չի բարևում:
4. Ինչո՞ւ Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ իր կողքին ոչ ոք չի կանգնում:
5. Եվ վերջապես, ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը գերադասեց ԲԴԽ տանել Արմեն Դանիելյանին, այլ ոչ իրեն:
Եթե չկարողանա այս հարցերի պատասխաններն անկեղծորեն տալ, առաջարկում ենք վերհիշել կրկին Factor.am-ի տեսանյութը՝ իր մասնակցությամբ:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն Ռուբիկ Մխիթարյանին, ինչպես և կանխատեսել էինք, ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: