Ինչո՞ւ է դատավոր Ռուբիկ Մխիթարյանն արժանացել Կարեն Անդրեասյանի բարեհաճությանը

Օրերս 168.amսկանդալային մանրամասներ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ու Վերաքննիչ քրեական դատարանի 18 դատավորների մասնակցությամբ տեղի ունեցած մի խորհրդավոր ժողովի մասին, որի արդյունքում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ու ևս մեկ դատավոր Կարեն Անդրեասյանի կողմից բաժանված քվեաթերթիկային քվեարկությամբ ընտրել էին Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահ, ով պիտի աշխատեր ԲԴԽ նախագահի հետ: Ընտրվողը հենց ինքը՝ Ռուբիկ Մխիթարյանն էր:

Ռուբիկ Մխիթարյանն էր նաև Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն ԲԴԽ դատավոր անդամի թափուր պաշտոնի համար, սակայն դատավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ ԲԴԽ դատավոր անդամ դարձավ Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանը:

Մենք փորձեցինք հասկանալ՝ այդ ի՞նչ աներևույթ թելեր են կապում Ռուբիկ Մխիթարյանին ու Կարեն Անդրեասյանին, ինչո՞ւ է վերջինս ձգտում ամեն կերպ մոտիկից հարաբերվել Ռուբիկ Մխիթարյանի հետ:

Այն, որ 2018թ.-ից այս կողմ հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանությունը Վերաքննիչում նախապատվությունը տալիս է Ռուբիկ Մխիթարյանին, ակնհայտ ու հասկանալի է: Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյան, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյան, Արմեն Չարչյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան… Այս անձինք ազատազրկվել կամ ազատազրկված են մնացել հենց Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ:

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ Ռուբիկ Մխիթարյանի հետ պայմանավորվելն իշխանությունների համար առանձնապես բարդություն իրենից չի ներկայացնում, ու հենց դա է նրա գլխավոր «արժանիքը» Կարեն Անդրեասյանի բարեհաճության ներքո հայտնվելու համար:

Մեր տեղեկություններով՝ Ռուբիկ Մխիթարյանի դուստրը՝ Ռուբինա Մխիթարյանը, 2022թ. կարճ ժամանակով Կարեն Անդրեասյանի տեղակալի՝ արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյանի օգնականն է եղել: Պարզ է, որ որևէ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի օգնականի պաշտոնում պատահական մարդիկ չեն հայտնվում: Ի դեպ, նույն Արփի Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, հիմա Կարեն Անդրեասյանի խորհրդականն է ԲԴԽ-ում. նախկինում նա նույնպես աշխատել է Արդարադատության նախարարությունում, կրկին Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնում:

Հատկանշական է, որ Արշակ Վարդապետյանը նախկին ՀՀԿ-ական ջավախքցի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբոր՝ Վարդան Վարդապետյանի որդին է:

Դեռևս ԲԴԽ դատավոր անդամի ընտրությունից առաջ մամուլը գրեց, որ «Ռուբիկ Մխիթարյանի համար լոբբինգ է անում Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը ևս իր թեկնածությունն առաջադրել է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար: Բանն այն է, որ Աթաբեկյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է ու Մխիթարյանի հետ նախկինում աշխատել է դատական դեպարտամենտում»:

168.am-ի տեղեեկություններով՝ խնդիրներ կան նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից Ռուբիկ Մխիթարյանին տրված բարեվարքության եզրակացության մեջ:

Օրերս ԲԴԽ-ում տեղի ունեցածից հետո դատական համակարգում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ տրամաբանական է, որ Կարեն Անդրեասյանի սրտի թեկնածուն Ռուբիկ Մխիթարյանն է:

Մեր տեղեկություններով՝  ԿԿՀ-ն Ռուբիկ Մխիթարյանին ընտրողներին համենայն դեպս տեղեկացրել է, որ կա կարծիք, որ թեկնածուն հրահանգ կատարող է, հատկապես, երբ որոշումը պետք է բացասական հետևանք առաջացնի ընդդիմադիր կողմի համար: Ասել է թե՝ չի բացառվում, որ Ռուբիկ Մխիթարյանը կարող է ենթարկվել քաղաքական ճնշումների կամ այլ ազդեցությունների:

Նշենք նաև, որ բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Ռուբիկ Մխիթարյանը 1995 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը, իսկ 2005 թվականին հանձնել է պետական քննություններ և ստացել պետական նմուշի դիպլոմ: Մի կողմ թողնենք այդ կրթական հաստատության որակն ու բովանդակությունը, հատկապես որ, այդ ինստիտուտը կարծես թե այլևս գոյություն չունի, բայց թե ինչու է 1995թ. «ՄՅՈՒԴ» ինստիտուտն ավարտած Ռուբիկ Մխիթարյանն իր պետական քննությունները հանձնել ու դիպլոմը ստացել 10 տարի անց, թերևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզելիքն է:

Տեսանյութեր

Լրահոս